Բեզոարյան այծի որսորդը Գագիկ Ծառուկյանի «մտերիմն» է

Հուլիսի 2-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերից մեկի տնօրենը Ելփին գյուղի «Արդարազ» կոչվող տարածքում բեզոարյան այծ է որսացել և «ՈւԱԶ» ավտոմեքենայով գնում է Ելփին: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերից մեկի տնօրենը նույն ինքը Մուրադ Հարությունյանն է, որը երկար տարիներ հանդիսացել է «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի տնօրենը։ Նշված հիմնադրամը տարիներ շարունակ ֆինանսավորվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից, իբրև թե, բնապահպանական նպատակներով։ Մուրադ Հարությունյանը հանդիսանում է նաև Եղեգնաձորի որսորդական միության տնօրենը և Գագիկ Ծառուկյանի «վստահված անձն» է եղել Վայոց ձորի մարզում։ 

Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինս դեպքից հետո գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում։ 

Ոստիկանությունը հայտնել է նաև․ «Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ԲԸՏՄ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած գործողությունների արդյունքում Ելփին բնակավայրի «Զաղա» կոչվող տարածքում փորձ է արվել կանգնեցնել է «ՈւԱԶ» ավտոմեքենան: Հետապնդման ժամանակ վարորդը ավտոմեքենան կայանել է Ելփինի «Քարի տակ» կոչվող վայրում և փորձել դիմել փախուստի: Նշված վայրում կատարված զննությամբ՝ առվի մեջ հայտնաբերվել է որսը։ Դեպքի վայր ներկայացած «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը հայտնել է, որ բեզոարյան այծը որսացել էր անտառապահներից մեկը: Տնօրենը և անտառապահը բերման են ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն»։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում