Ահազանգ․ Մաշա կապիկը տանջվում է Երևանի կենտրոնում բանտարկված (տեսանյութ)
ՀՀ-ում կենդանիների նկատմամբ վերաբերմունքի, այդ թվում՝ անազատ պայմաններում պահվող վայրի տեսակի կենդանիների խնդիրը շարունակում է չլուծված մնալ։ ՀՀ-ում տարբեր՝ ամենաանհավանական վայրերում շարունակում են բանտարկված մնալ վայրի տեսակների կամ էկզոտիկ կենդանիներ, որոնք պահվում են ոչ բարեկեցիկ պայմաններում։ Այդպիսի մի դեպքի մասին օրերս EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգ ստացավ․ Երևանի կենտրոնում գտնվող կենդանիների վաճառքի խանութում գտնվում է կապիկ, որն ունի օգնության կարիք։
Մեր այցելության ընթացքում ակնհայտ դարձան կապիկի պահման սարսափելի պայմանները․ ռեզուս մակակ տեսակի կապիկը պահվում է կենդանիների վաճառքի խանութում՝ փոքր և կեղտոտ վանդակի մեջ, առանց խնամքի կամ հոգատարության որևէ նշույլի։
Մեր հարցադրմանը, թե արդյո՞ք կենդանին մեղք չէ այս պայմաններում, պատասխանեցին՝ «դե սովորել ա»։
Խանութը գտնվում է Նար-Դոս և Տիգրան Մեծ փողոցների գրեթե խաչմերուկում։ Խանութն ակնհայտորեն գտնվում է անմխիթար վիճակում․ փոքրիկ տարածքում լցված են բազմաթիվ թռչուններ, որոնք նախատեսված են վաճառքի համար, ամենուր թափթփված և անկանոն վիճակ է, պարկերով լցված են նաև կենդանիների կերեր և միևնույն ժամանակ՝ ռեզուս մակակ տեսակի կապիկը, որը բանտարկված է մոտավորապես 1 քմ վանդակի մեջ, անկանոն քայլում է այդ փոքրիկ տարածքում, բայց նաև երբեմն ագրեսիվ վարք է դրսևորում։ Կապիկն արտաքին զննությամբ շատ անհանգիստ է, ինչը պայմանավորված է պահման վատ պայմաններով։
Տեղում մեզ հայտնեցին, որ կապիկը վաճառքի համար չէ, այլ նրան պահում են նշված տարածքում, սակայն, եթե հաստատ որոշենք գնել, ապա գինը կկազմի մոտ 1200-1300 դոլար։ Ըստ վաճառողի՝ 3.5 տարեկան Մաշա անունով կապիկը չիպավորված և պատվաստված է և իրեն լավ է զգում։
ՀՀ-ում շարունակվում է կենդանիների անվերահսկելի առևտուրը։ Մարդիկ, ըստ իրենց հայեցողության, վաճառում են կենդանիների առանց որևէ մասնագիտական մոտեցման, վերահսկողության, նորմերի և անգամ չեն հարկվում այդ գործարքի դիմաց՝ թաքցնելով ՀՀ-ից ստացված եկամուտը։ Ցավալի է, որ մինչ այժմ ՀՀ ոչ մի կառավարության կողմից չեն մշակվել և չեն իրականացվել գործուն քայլեր այս ոլորտը կարգի բերելու ուղղությամբ․ տասնամյակներ շարունակ ոլորտն անտեսվել է, իսկ այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանը լեցուն է անազատ պայմաններում պահվող տեղի վայրի և ներմուծված էկզոտիկ տեսակի կենդանիներով, որոնց ապագան անհայտ է։
Այս ընթացքում մշակվել են որոշ իրավական նորմեր՝ օրենքի նախագծեր, որոշումներ, որոնք եղել են թերի, չեն տվել խնդրին լուծում և անգամ չեն դարձել գործող իրավական նորմ։ Նույնը տեղի է ունեցել նաև 2018-2020թ․-ին, երբ պատգամավորներ Մերի Գալստյանի և Լենա Նազարյանի կողմից մշակվել է ՀՀ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը, որը ցավոք այդպես էլ չի ընդունվել ԱԺ կողմից։ Այս օրենքի կիրառմամբ որոշ խնդիրներ կարող էին ստանալ լուծում, սակայն այն այդպես էլ իրականություն չդարձավ։ Նույնը վերաբերվում է նաև ՀՀ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններին, որոնք ևս միտված են ոլորտը կարգավորելու, սակայն մինչ այժմ նախագծի կարգավիճակում են։
Հիշեցնենք, որ էկոլոգ, «կրկեսն առանց կենդանիների» նախաձեռնության համահեղինակ Արևիկ Մկրտչյանը փաստեր էր ներկայացրել նաև անազատ պայմաններում պահվող կապիկների մասին։ «Այսպիսի միջավայրներում ծնված, առանց ծնողի մեծացած ռեզուս մակակները երբեք չեն կարողանում դրսևորել տեսակին բնորոշ վարքագիծ՝ ողջ կյանքում խեղվածության որոշակի աստիճան ձեռքբերելով: Կապիկները մարդուն փոխանցվող հիվանդությունների մեծամասնության կրողներն ու փոխանցողներն են՝ տուբերկուլյոզ, հեպատիտ Ա և Բ, հերպես վիրուս, ռոտավիրուս, կոկկեր, ծաղիկ, Էնդո և էկտոպարազիտներ, շիգելա, սալմոնելոզ, Էբոլա և այլն (շուրջ 80 անուն): Սրա պարզ բացատրությունը մարդու և կապիկի ԴՆԹ-ի նմանությունն է:
Մարդը, որպես homo sapiens տեսակ, պատկանում է պրիմատների ընտանիքին»,- նշել է նա։
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: