Ամենատխուր պատմություն ունեցող արջերից մեկը (ֆոտո)
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որը Հայաստանում իրականացնում է արջերի փրկության ծրագիրը, պատմում է Փիթեր անունով արջի մասին․ «Ծանոթացե՛ք, Փիթերն է․․․ փրկված արջերից, հավանաբար, ամենատխուր պատմություն ունեցողներից մեկը:
Փիթերն ամբողջ կյանքում բանտարկված է եղել ինչ-որ մութ պահեստում այս փոքրիկ վանդակի մեջ՝ զրկված արևի լույսից։ Նրա կեղտոտ վանդակը պահվել է կատարյալ մթության մեջ և Փիթերն իր ողջ կյանքի ընթացքում չի հասկացել՝ ցերեկ է, թե՞ գիշեր։ Սա շատ ծանր հոգեբական տրավմա է, որին ենթարկվել է արջը։
Այն, ինչի միջով ստիպված է եղել անցնել Փիթերը, շատ ցավալի և տխուր է․․․ ոչ մի կենդանի չպետք է ենթարկվի նման վերաբերմունքի, բայց, ցավոք սրտի, Հայաստանում դեռ այս ամենը շարունակվում է․ դեպքերի մեծամասնությամբ՝ արջերը վերցված են վայրի բնությունից։
Մեր միջազգային գործընկեր IAR-ը իր BREAK THE CAGE արշավի շրջանակներում մեկնարկել է նաև ստորագրահավաք, որով նախատեսվում է խստացնել պատիժը ՀՀ-ում վայրի բնությունից արջ որսալու համար՝ https://www.internationalanimalrescue.org/breakthecage »։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում դեռ կան տասնյակ բանտարկված արջեր, որոնք նույնպես ունեն օգնության կարիք և սպասում են իրենց հերթին։