Հրազդանում կրակել, «կացնահարել» և դաժանորեն սպանել են շան (ֆոտո)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: 

Օրերս կենդանու նկատմամբ հերթական դաժան դեպքն է արձանագրվել կրկին Հրազդան քաղաքում․ կրակել և այլ վնասվածքներ են պատճառել խնամակալության տակ գտնվող շանը, որի կյանքը փրկել չի հաջողվել։ Ապրիլի 8-ին Հրազդանից Երևան է տեղափոխվել կրակված շունը, սակայն նրա վիճակը ծանր է եղել և նա չի ապրել։ 

Կենդանաբուժական կլինիկայում արձանագրվել է, որ կենդանու վրա ոչ միայն կրակել են, այլև հարվածներ են հասցրել, հավանաբար, կացինով կամ այլ նման սուր գործիքով։ 

Կենդանաբուժական կլինիկայի կողմից տրամադրված եզրակացությամբ ասվում է, որ շունը եղել է էգ, շուրջ 3 տարեկան։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են բազմաթիվ շրջանաձև վնասվածքներ, աջ թիակի բացված վերք, ամբողջ մազային ծածկույթը ներծծված է եղել արյամբ։ 

Ռենտգեն ուսումնասիրությամբ հայտնաբերվել է 9 հատ մետաղական կլոր մասնիկ, իսկ աջ թիակի ուսումնասիրությամբ վերքից դուրս է բերվել պլաստմասե օտար մարմին, ինչպես նաև՝ 1 պարկուճ։ Հայտնաբերվել է նաև ողնաշարի հարվածային-բեկորային վնասվածք, որը, հավանաբար, հասցվել է սուր, կտրող-հատող գործիքով։ 

Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքը ՀՀ–ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումների էպիկենտրոններից մեկն է հանդիսանում։ Վերջին ամսվա ընթացքում Հրազդան քաղաքից առանձնակի դաժանությամբ դեպքերի 3 ահազանգ է հնչել, որոնք արժանացել են հասարակության պարսավանքի տարափի։ Քաղաքացիները շարունակում են մտահոգվել կենդանիների ճակատագրով, դիմել ՀՀ իրավապահ մարմինների աջակցությանը, սակայն մեղավորները կարծես մնում են անպատիժ։ 

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև՝ Հրազդանի քաղաքապետարանի ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում