«Ամբողջ բակն ու շունն արյան մեջ էր»․ Զովունիում կրակել են շան վրա (ֆոտո)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:

Մարտի 26–ի գիշերը Զովունի գյուղում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքն է արձանագրվել։ Զովունի 4-րդ փողոցի բնակիչ՝ ստերջացված և տարբերանշանով շունը հրազենային վնասվածքով այժմ գտնվում է կենդանաբուժական կլինիկայում։ 

Տարածքում շունն ուներ խնամակալներ, որոնցից մեկը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում պատմել է․ «Երեխան եկավ ներս, ասաց, որ բակում արյան հետքեր է նկատել։ Դուրս եկա՝ տեսնեմ ամբողջ բակն արյան հետքեր են, արյուն է ամենուր․․․ հետքերով գնացի, տեսնեմ շունը տնից մի փոքր վերև կանգնած է, լույսը գցեցի վրան, տեսա, որ ներքին օրգաններից մեկը կախված է, ինքն էլ արյան մեջ։ Միանգամից նրան տեղափոխեցինք կենդանաբուժական կլինիկա, որպեսզի փրկենք»։ 

Շունն այժմ վիրահատվել է «Դինգո թիմ» ՀԿ օգնությամբ, սակայն դեռ ծանր վիճակում է։ Ականտեսը պատմել է նաև, որ լսել են ինչ–որ գմփոց, սակայն չեն պատկերացրել, որ կրակոց է։ «Գան, հասնեն դռան դիմաց ու կրակեն, աբսուրդ է։ Մեզ կամ երեխային էլ կարող էին վնասել փաստացի»,– ասաց նա։ 

Խնամողն ասաց, որ շանը բոլոր հարևանները սիրել են, շատ խելացի և հանգիստ շուն է։ «Անգամ երեխաներին ուղեկցում էր դպրոց, սպասում վերջացնեն ու նոր գալիս էր իրենց հետ միասին»,– ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց տան տարածքում շինարարական աշխատանքներ են կատարվել, ինչը անավարտ է մնացել։ Այդ տարածքում պարիսպ չկա և շինանյութ կա թողնված։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ եղել են դեպքեր, երբ անհայտ մարդիկ փորձել են գողություն կատարել և միգուցե շունը հենց նրանց զոհն է դարձել։ 

Վերջին օրերին ՀՀ ամբողջ տարածքում ակտիվացել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման դեպքերը։ Արդեն իսկ ահազանգեր են հնչել մի քանի մարզերից։ 

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև՝ Զովունի համայնքապետարանի ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում