Հրազդանում շանը ենթարկել են անմարդկային տանջանքների․ արնահոսում է բոլոր տեղերից (տեսանյութ)
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:
Այսօր՝ մարտի 25-ին, կենդանու նկատմամբ առանձնակի դաժանության դեպք է արձանագրվել։ Հրազդան քաղաքում կենդանասեր Սուսաննա Անանյանը սարսափելի տեսարանի է ականտես եղել։
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ականատես Սուսաննա Անանյանը պատմել է․ «Այսօր գերեզմանատների տակի մայրուղիով երթևեկում էինք, մեկ էլ դիմացից եկող մեքենա տեսանք, որը հետևից շուն էր քարշ տալիս։ Մեր մեքենայով շարժվեցինք նրա հետևից, մեկ էլ ի՞նչ տեսնեմ՝ վարորդը, իջել, մի հատ մեծ քար վերցրել ու խփում ա շան գլխին։ Ես հեռախոսով փորձեցի նկարեմ, բայց այդ սթրեսից շփոթվել եմ ու չեմ կարողացել։ Դուրս եմ եկել, ասում եմ՝ ի՞նչ ես անում, ո՞ղջ ա շունը, նա պատասխանում ա՝ կծում ա էտ շունը ու քարը ձեռքից գցեց։ Բղավում եմ, որ արձակի շանը, ասում ա՝ ինքը կծում ա գործ չունես։ Ես այդ տեսարանից պապանձվել էի, ոչինչ չէի կարողանում ասել։
Զանգել եմ աղջկաս, եկել է ու օգնել, որպեսզի շանը տեղափոխենք կենդանաբուժական կլինիկա։ Այդ մարդն էլ թողեց գնաց, ինքը չէր հասկանում, որ հանցանք է գործել, իրենց համար դա նորմալ ա։ Ասում էր՝ երեխայա կծել, հետո ասեց՝ ավտոյա խփել, հիմա ես չեմ հասկանում, թե ի՞նչ էին կոնկրետ արել, բայց շունը լրիվ ջարդուփշուր էր։ Մի հատ էլ վերջում կապել են մեքենայի հետևից ու քարշ տվել»,– եզրափակեց տիկին Անանյանը։
Ըստ կենդանաբուժական զննության՝ կենդանին ենթարկվել է ծանր ֆիզիկական տանջանքների։ Ըստ նախնական զննության՝ գլխին առկա են սուր ծակող գործիքով հասցված մի քանի վնասվածքներ, արնահոսություն է նկատվել կենդանու բոլոր արտաքին խոռոչներից՝ ականջներից, աչքերից, քթից, այդ թվում՝ նաև հետանցքից, որն ամբողջությամբ պատռված է։
Դեպքին արձագանքել է «Դինգո թիմ» ՀԿ–ն, ինչպես նաև բազմաթիվ կենդանասերներ և մտահոգ քաղաքացիներ։ Այժմ, նրանց ջանքերով կենդանուն ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն, սակայն նրա վիճակը շատ ծանր է։
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկություններով արդեն իսկ ոստիկանություն է հրավիրվել տեսանյութում երևացող Արամ Հարությունյանը, որը տվել է բացատրություն։
Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:
Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը
1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) առանձին դաժանությամբ,
3) մանկահասակի ներկայությամբ,
4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև՝ Արենի համայնքապետարանի ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: