Արենիում կրակել են շան վրա. հերթական ահազանգը
Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման հերթական դեպքն է արձանագրվել։ Այս անգամ ահազանգ է հնչել Վայոց ձորի մարզի Արենի համայնքից։ Շան վրա կրակել են, ինչի հետևանքով վերջինս ստացել է ծանր վնասվածքներ և տեղափոխվել է Երևան։
Կենդանասերների օգնությամբ շանը հնարավոր է եղել փրկել և այժմ նա վերականգնվում է։
Կենդանաբուժական կլինիկայի կողմից տրամադրված տեղեկանքով ասվում է․ «Ախտորոշման նպատակով կատարված ռենտգեն նկարում հայտնաբերվեցին մետաղյա տձև բերկորավոր գոյացություններ, որոնք վնասելով ստորին ծնոտը, պարանոցի հատվածը, տեղակայվում են փափուկ հյուսվածքների մեջ»։
Այսպիսով, EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը և ամբողջ կենդանասեր, գիտակից հասարակությունը ևս մեկ անգամ կոչ է անում իրավապահ համակարգի ներկայացուցիչներին կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները բարեխղճորեն, հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Հորդորում ենք նաև կենդանասպան քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ իրավական նորմերը խախտելուց, կենդանիներին վնաս պատճառելուց, քանի որ կարող եք ենթարկվել քրեական պատասխանատվության։
Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:
Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը
1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) առանձին դաժանությամբ,
3) մանկահասակի ներկայությամբ,
4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև՝ Արենի համայնքապետարանի ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: