Ստեփանավանում կրակել են շան վրա․ դաժան վերաբերմունքը շարունակվում է (ֆոտո)

ՀՀ–ում շարունակվում են արձանագրվել դաժան վերաբերմունքի դրսևորումներ կենդանիների նկատմամբ։ Վերջին օրերի ընթացքում ստացվել են մի քանի ահազանգեր հրազենային վիրավորումներով կենդանիների մասին։ Դեռ որոշ մարդիկ շարունակում են վնասել կենդանիներին՝ անտեսելով նախատեսված քրեական պատասխանատվությունը, այն պատճառով նաև, որ իրավապահ մարմինների կողմից չեն ձեռնարկվում բավարար քայլեր այն կիրառելի դարձնելու ուղղությամբ։ 

Այսպիսով, օրերս Ստեփանավան քաղաքից Երևանի կենդանաբուժական կլինիկաներից մեկն է տեղափոխվել որսորդական հրազենից կրակված շուն։ Կենդանասեր Հրանտ Դավոյանի ջանքերով վերջինս վիրահատվել է և ստացել անհրաժեշտ օգնություն։ 

Կենդանին բազմաթիվ մանր ծակող վիրավորումներով հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքում և այս անգամ նրան հաջողվել է փրկել։ Ինչպես նշվում է կենդանաբուժական եզրակացությամբ՝ կենդանին կրակոցի հետևանքով ստացել է վերջույթների կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ։ 

Այսպիսով, EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը և ամբողջ կենդանասեր, գիտակից հասարակությունը ևս մեկ անգամ կոչ է անում իրավապահ համակարգի ներկայացուցիչներին կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները բարեխղճորեն, հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Հորդորում ենք նաև կենդանասպան քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ իրավական նորմերը խախտելուց, կենդանիներին վնաս պատճառելուց, քանի որ կարող եք ենթարկվել քրեական պատասխանատվության։ 

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև՝ Ստեփանավանի քաղաքապետարանի ուշադրությունը: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում