Ամուլսար-Ամուրսար. Ֆիլմ/հետաքննություն հայրենիքի առ ու ծախի մասին (տեսանյութ)
2006 թվականին Լիդիան Արմենիա ՓԲԸ (նախկին Գեոթիմ) հետախուզման թույլտվություն ստացավ Ամուլսարի տարածքում սկզբում ապակու հումք, այնուհետև ազնիվ մետաղներ՝ ոսկի ու արծաթ որոնելու համար։ 14 տարվա մեջ Ընկերությունը 3 անգամ ներկայացրեց ոսկու արդյունահանման փոփոխված ծրագիր՝ յուրաքանչյուր անգամ ստանալով թույլտվությունների համապատասխան փաթեթը Բնապահպանության և Էներգետիկայի նախարարություններից։
2011 թվականից սկսած տեղացիները տարբեր ձևաչափերով դեմ արտահայտվեցին այս ծրագրին։ Ջերմուկ առողջարանային քաղաքը, որը հանքին մոտ գտնվող ամենախոշոր բնակավայրն էր, 12 տարի շարունակ, մինչև 2016թ, չէր ճանաչվում որպես ազդակիր համայնք: Նշենք, որ որևէ համայնք ազդակիր ճանաչելու մասին որոշումը կայացնում են հանքարդյունաբերող ընկերությունները՝ իրենց գնահատումների հիման վրա, որից հետո դիմում են Շրջակա միջավայրի նախարարություն այդ համայնքներում օրենքով նախատեսված կարգով հանրային լսումներ անցկացնելու համար:
Ամուլսարի ծրագրով ազդակիր ճանաչված Գնդեվազ, Սարավան և Գորհայք համայնքները հակասական կարծիք ունեին Ամուլսարում հանք շահագործելու հեռանկարի վերաբերյալ։
2012 թ-ի գորհայքցիների, բնապահպանների և Ջերմուկցիների տեղեկատվական արշավը Ամուլսարը հանդիպեց դիմադրության Լիդիան Արմենիա ընկերության աշխատակիցների կողմից, ովքեր հորդորում էին բնապահպաններին գնալ Թուրքիա՝ հասարակության մեջ թշնամի ընկալվող երկիր, իսկ տեղացիներին՝ մականուններ էին կպցնում։ 8 տարի անց կպարզվի, որ Լիդիանը չի խորշել ներդրումներ ստանալ Թուրքիայի քաղաքացիրներից՝ դարձնելով նրանց ընկերության բաժնետերեր։
Լիդիանի հովանավորյալ Միջազգային Ֆինանսական Կորպորացիան և Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկն ունեն միջազգային ստանդարտների փաթեթ՝ ժողովրդավարության, սոցիալական պատասխանատվության, էկոլոգիական, հակակոռուպցիոն և մշակութային ժառանգության պահպանման և այլն։
Ընկերությունները պարտավոր են պահպանել այս ստանդարտները բոլոր այն երկրներում, որտեղ գործունեություն են ծավալում։ Միջազգային ֆինանսական կորպորացիան Լիդիան ընկերությանը ֆինանսավորել է 2007թ․-ից։ 2015 թվականի դրությամբ Միջազգային Ֆինանսական Կորպորացիային էր պատկանում Լիդիան Ինթերնեյշընլի բաժնետոմսերի 7.9%-ը,՝ 17․3 մլն կանադական դոլարի արժողությամբ։
Իսկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ֆինանսավորել է հանքի հետախուզման աշխատանքները, այնուհետև ձեռք է բերել բաժնետոմսեր, դրանց գումարն ուղղելով հանքավայրի կառուցմանն ու բնապահպանական ռիսկերի փոխհատուցմանը։ Ընդհանուր առմամբ՝ ՎԶԵԲ-ը Լիդիանում ներդրել է 11․4 մլն կանադական դոլար։
2014 թվականին Գնդեվազ գյուղում Լիդիան ընկերության աշխատակիցները, ներկայանալով իբրև ազդակիր համայնքի անդամներ, դպրոցի դահլիճից դուրս թողեցին տեղացիներին՝ խոչընդոտելով հանրային լսումներին մասնակցելու նրանց իրավունքը։
Տարիներ անց, 2019թ․ հարուցված քրեական գործից կպարզվի, որ նույն տարում՝ 2014թ․ գյուղապետը շահադիտական նպատակներով Գնդեվազին պատկանող 10 հա արոտավայրը 810 դոլարով ապօրինաբար օտարել է իր անչափահաս որդուն, իսկ հետո 310 000 դոլարով վերավաճառել Լիդիան Արմենիա ընկերությանը՝ այսպիսով համայնքի շահերին հասցնելով էական վնաս։
Ըստ հետքի հետաքննության՝ կատարված որոշ գործարքներում երևում է, որ Հայրապետ Մկրտչյանի հարազատներին պատկանող հողերը անհամեմատ բարձր գնով են վաճառվել ընկերությանը, մինչդեռ գյուղացիներին պատկանող այլ հողեր վաճառվել են ցածր գներերով։
Համամեմատության համար նշենք, որ ըստ կադաստրի տվյալների՝ օրինակ գյուղապետ Հայարպետ Մկրտչյանին և իր կնոջ՝ Կարինե Նավասարդյանին, պատկանող շուրջ կես հա վարելահողը վաճառվել է մոտավորապես 140 հազար դոլարին համարժեք դրամով, իսկ Գնդեվազի բնակիչ Սուսաննա Հարությունյանի ընտանիքին պատկանող գրեթե նույն մակերեսով վարելահողը վաճառվել է ընդամենը 2900 դոլարին համարժեք դրամով։
Հողերի առ ու ծախից Մկրտչյանների գերդաստանը ստացել է մոտավորապես 880 000 դոլարին համարժեք դրամի եկամուտ։ Ոչ պակաս կլորիկ գումարներ են վաստակել նաև գյուղապետի մերձավոր շրջանակը:
Գնդեվազի գյուղապետը համայնքային հողեր է օտարել նաև այդ ժամանակ մարզում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց, մասնավորապես՝ ՀՀԿ-ական Արագած Սաղաթելյանին, ով 2012-2014 թվականներին եղել է Վայոց ձորի մարզպետ, աճուրդով հող գնելու պահին զբաղեցրել է «Վայք Ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ Լիդիանին հողը վաճառելու պահին՝ 2016թ․, Վայքի քաղաքապետի պաշտոնը։ Արագած Սաղաթելյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո կրկին զբաղեցրել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնը։
9 հա հողատարածքը Արագած Սաղաթելյանը համայնքից ձեռք է բերել մոտավորապես 1400 դոլարին համարժեք դրամով, իսկ Լիդիանին վերավաճառել է մոտավորապես 38 000 դոլարին համարժեք դրամով՝ մոտ 27 անգամ ավելի թանկ։
Համայնքային հողերի աճուրդներում հաղթող են ճանաչվել Գնդեվազի գյուղապետարանի այլ աշխատակիցների հետ փոխկապակցված անձինք նույնպես։
2014 թվականին Գնդեվազի համայնքային հողերից 4,5 հա արոտավայր մոտավորապես 400 դոլարին համարժեք դրամով աճուրդով բաժին է հասել Սուրիկ Գրիգորյանին, ով մեկ տարի անց վերավաճառել է ընկերությանը շուրջ 100 անգամ ավելի թանկ՝
Սուրիկ Գրիգորյանը Արամ Հարությունյանի ընտանիքի մերձավորն է, նա փաստաբանական պալատի անդամ է և հանդիսանում է «Մենեջմենթ Միքս» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրենը:
«Մենեջմենթ Միքս»-ը հանքարդյունաբերության ոլորտում խորհրդատվություն տրամադրող ընկերություն է և ըստ Banks.am կայքի մի հրապարակման՝ 2016 թվականին քննարկումներ է կազմակերպել Լիդիան Արմենիայի, ՎԶԵԲն Եվրոպական Բանկի եւ Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի ներկայացուցիչների, հանքարդյունաբերության ոլորտի այլ մասնագետների հետ։ Չի բացառվում, որ Մենեջմենթ միքսը խորհրդատվական ծառայություններ է մատուցել Լիդիանին։ Խորհրդանշական է, որ այս նույն ընկերության դասախոս-խորհրդատու է Լիդիանի ու ՄՖԿ-ի հետ նախկինում փոխկապակցված Ներսես Կարա-Մանուկյանը։
ՀՀ Գլխավոր դատախազությունը պարզաբանում է, որ Հայրապետ Մկրտչյանի նկատմամբ հողերի օտարման մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ջերմուկի սպասարկման գրասենյակի պետի նկատմամբ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այն է պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու համար: Սակայն վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել: 2020 թվականին Ջերմուկի համայնքապետարան արված հարցման պատասխանում գրված է, որ ընկերությունը վարձակալության իրավունքով տնօրինում է 950 հա, իսկ սեփականության իրավունքով՝ 154 հա հող, ընդհանուր տարեկան համայնքային բյուջե վճարելով՝ 205 մլն 597 000 դրամ։
2014 թվականին երկու բողոք-դիմում ուղղվեց Միջազգային ֆինանսական կորպորացիայի օմբուդսմենի գրասենյակ և ՎԶԵԲ-ի բողոքարկամն մեխանիզմ ՝ մեկը՝ բնապահպանական նախաձեռնություններից ու հասարակական կազմակերպությունների, մյուսը՝ շուրջ 150 գնդեվազցիներիի կողմից։ Բողոքները վերաբերում էին ջրային ռեսուրսների, Ջերմուկ առողջարանային քաղաքի, մարդկանց առողջության վրա ազդեցության ոչ պատշաճ գնահատմանը, ինչպես նաև Գնդեվազ համայնքի վրա հանքավայրի ու ցիանային հարթակի շինարարության ծանր սոցիալ-էկոլոգիական հետևանքներին։ Գնդեվազցիների բողոքում հստակ նշվում էր հողերի առք ու վաճառքի հետ կապված կոռուպցիոն ռիսկերի մասին։
Թեև ՎԶԵԲ-ը մերժեց տեղացիների և բնապահպանների բողոքի քննությունը, սակայն ՄՖԿ-ի օբուդսմենի գրասենյակը հանձն առավ քննել բարձրացված հարցերը։ 3 տարի անց հրապարակված զեկույցը վեր հանեց բազմաթիվ ռիսկեր, մասնավորապես հաստատվեց, որ գնահատված չէ սոցիալ-տնտեսական ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա։
Այդպիսով, Լիդիան Արմենիա ՓԲԸ-ն զրկվեց իր հիմնական ֆինանսավորող կառույցներից մեկի ֆինանսական աջակցությունից և հովանավորչությունից։
2018 թվականի մայիս ամսին երբ ընկերության աշխատակիցները շինարարական աշխատանքների ժամանակ վնասեցին Գնդեվազի խմելու ջրի խողովակները և աղտոտեցին Արփա գետը, տեղի բնակչությունը գնաց ծայրահեղ քայլի՝ արգելափակեց ընկերության աշխատակիցների մուտքն Ամուլսարի տարածք։
Նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին ժամանեց Ջերմուկ՝ կոնֆլիկտի լուծման ճանապարհներ գտնելու համար: Թեև 2016 թվականին Լիդիան ընկերությունը գնահատեց, որ Ամուլսարի հանքի շահագործման հետևանքով Ջերմուկը կկրի դեմոգրաֆիկ ազդեցություններ, այնտեղ այդպես էլ չանցկացվեցին հանրային լսումներ, իսկ իբրև ազդակիր համայնք Ջերմուկի ավագանին նույնիսկ նախնական համաձայնության փաստաթուղթ չստորագրեց։
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրով շահագրգիռ տարբեր խմբեր, ներառյալ Լիդիան Արմենիայի անմիջական աշխատակիցները, հրահրեցին միջհամայնքային կոնֆլիկտներ, ինչը ևս միջազգային ֆինանսական կառույցների ստանդարտների խախտում է։
2018 թվականի ամռանը ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ։ Ներառվեցին նաև փորձագետների կողմից տարիների ընթացքում հավաքագրված բացահայտումները, որոնք վերաբերվում էին շրջակա միջավայրի վրա հանքի շահագործման բացասական ազդեցությանը։
Միակ փաստաթուղթը, որը Լիդիան Արմենիա ընկերության համար խոչընդոտ էր ստեղծում Ամուլսարում ընդերքօգտագործում իրականացնելու համար՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Արթուր Գրիգորյանի կազմած տեսչական ակտն էր։ Ընկերությունն այս փաստաթուղթը հետագայում բողոքարկեց ՀՀ վարչական դատարանում։ Իսկ մինչև այդ 2018 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց Տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանին, իսկ նրա տեղում նշանակված Վիգեն Ավետիսյանը որևէ քայլ չձեռնարկեց պետության շահերը դատարանում պաշտպանելու համար։
Կառավարությունը հանձնարարեց լիբանանյան ԷԼԱՐԴ ընկերությանն իրականացնել անկողմնակալ փորձաքննություն։ ԷԼԱՐԴ-ին, սակայն հանձնարարվեց ուսումնասիրել միայն ընկերության փաստաթղթերը, մինչդեռ հայտարարվել էր համալիր փորձաքննություն իրականացնելու մասին: Չնայած, որ ԷԼԱՐԴ-ի և ամերիկյան Թի-Ար ՍԻ փորձագետները բացահայտեցին լրջագույն խնդիրներ, թերի և կասկածելի տվյալներ, երբեմն էլ՝ տվյալների բացակայություն, սակայն Նիկոլ Փաշինյանը որոշեց թույլ տալ Լիդիանին շահագործել հանքը և կոչ արեց տեղացիներին բացել ճանապարհները։ Իսկ Քննչական կոմիտեն բացասական եզրակացությունը փորձեց ներկայացնել դրական լույսի ներքո։
ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը ֆիասկո ապրեց, քանի որ հետաքննող լրագրողների կողմից բացահայտվեց, որ նախաքննությունը գլխավորած քննիչ Յուրի Իվանյանն ունի ազգակցական կապեր Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ։ Նա Հայաստանի վերջին պաշտոնյան է, ում ստորագրությունը դրվել է Լիդիան ընկերությանը տրամադրված թույլտվությունների ներքո։
Փորձաքննության համար ՀՀ կառավարության տրամադրած 400 000 ԱՄՆ դոլարին ավելացավ ևս 54 000 դոլար, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հայտարարության, ուսումնասիրության մեջ լրացումներ կատարելու նպատակով։
Այս 2 տարվա ընթացքում ընկերությունը որդեգրեց շանտաժի քաղաքականությունը՝ սպառնալով որ դատի կտա Հայաստանին արբիտրաժային դատարանում՝ տարբեր հայտարարություններում նշելով Հայաստանի կառավարությունից 700 մլն ից մինչև 2 մլրդ դոլար պահանջելու մտադրության մասին։
2019 թվականին Open democracy կայքում հրապարակված հոդվածում բացահայտվեցին տվյալներ ՀՀ կառավարության տարբեր պաշտոնյաների, այդ թվում նաև՝ Նիկոլ Փաշինյանի հետ, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանատների անցկացրած 50-ից ավելի հանդիպումների վերաբերյալ։ Այս հոդվածը հիմք հանդիսացավ նաև, որ Մեծ Բրիտանիայի պառլամենտը արգործնախարարությունից Ամուլսարի վերաբերյալ մեկնաբանություն պահանջի։
Բացահայտվեց նաև, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բացասական կարծիք հայտնած ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություններ է հավաքագրել։
2019թ․ վերջին Լիդիան Ինթերնեյշընլը, որի դուստր ձեռնակությունն է Լիդիան Արմենիան, այլևս իր վիճակի չէր կատարել իր պարտավորությունները պարտատերերի առջև, ինչը հանգեցրեց ընկերության լուծարման գործընթացին։
Լիդիան Ինթերնեշընըլի լուծարումից և վերակազմավորումից հետո բազմաթիվ բաժնետերեր կորցրեցին իրենց բաժնեմասերն ընկերությունում, գույք ու սարքավորումներ տրամադրած ընկերություններն էլ հետ պահանջեցին իրենց գույքը։ Իսկ ՎԶԵԲ-ը, որն ընկերության համար քաղաքական հենարան էր հանդիսանում Հայաստանի կառավարության վրա ճնշումներ բանեցնելու գործում՝ հայտարարեց, որ այլևս ֆինանսական հետաքրքրություններ չունի այս ծրագրում:
2020թ հունիսին Ceebankwach network –ի միջոցով Ջերմուկ ազդակիր համայնքի բնակիչները կրկին դիմեցին ՎԶԵԲ-ի բողոքարկման մեխանիզմին՝ կցելով 3000 ստորագրություններով փաթեթը՝ որով իրենք, որպես ինքնիշխան երկրի քաղաքացիներ, մերժել են մետաղական հանքարդյունաբերությունը և Ջերմուկ Խոշորացված համայնքը հռչակել էկո-տնտեսական տարածք։ Դիմում-բողոքի մեջ ներառված էին նաև Լիդիանի կողմից բնակիչների օրինական շահերի խախտման մասին տեղեկություններ։ Թեև Լիդիան Ինթերնեշընըլը լուծարվեց ու անցավ իր պարտատերերից երեքին, դրա դուստր ընկերությունը՝ Լիդիան Արմենիան, պահպանեց իր կազմակերպաիրավական գոյությունը Հայաստանում՝ շարունակելով պնդել, որ ինքը պետք է շահագործի Ամուլսարի հանքը։ 2020թ․ ընկերությունը վարձեց նոր պահնորդական ծառայություն, որն աչքի ընկավ բռնությունների հրահրմամբ։
Հատուկ անվտանգության ծառայության աշխատակիցները մի գիշերում ապամոնտաժեցին Ամուլսարի պահապաններին պատկանող դիմադրական հենակետերը և տեղադրեցին հանքարդյունաբերող ընկերության վագոն-տնակները:4 օր տևած դիմադրության արդյունքում տեղի բնակիչներին հաջողվեց ստիպել օրենքի տառին համապատասխան տեղափոխել վագո-տնակները ճամփեզրից: ՎԶԵԲ-ը հանձն առավ քննել սադրանքները՝ հայտարարելով, որ ընկերության հետ ունեցած պայմանագրում չկար կետ, որ զինված պահնորդների խումբ պիտի ծառայություն իրականացնի Ամուլսարի տարածքում: Հետագայում Հայաստանի ոստիկանությունը կասեցրեց պահնորդական կազմակերպության լիցենզիան Լիդիանը վարձեց նոր ընկերություն, սակայն Ամուլսարի դիմադրական հենակետերում սադրանքները չդադարեցին:
• Բնակիչների պայքարը շարունակվում է երկու տարուց ավելին և կրում է խաղաղ բնույթ։
Անգամ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, ընկերության վարձած պահնորդները բռնի գործողություններ իրականացրեցին տեղացիների ու ոստիկանների նկատմամբ:
• ՀՀ կառավարությունը մինչև օրս Լիդիան Արմենիա ՓԲԸ-ին տրամադրած ՇՄԱԳ դրական եզրակացությունն ուժը կորցրած չի ճանաչել։
• Ընդդեմ ՀՀ կառավարության 6 տարի շարունակ քննվում են Ջերմուկ համայնքի բնակիչների 2 վարչական գործեր, որտեղ որպես պատասխանող երրորդ կողմ ներգրավված է Լիդիան Արմենիան ՓԲԸ-ն։
• Արդեն 6 տարի շարունակ ընթանում է Ջերմուկ համայնքի բնակիչների և բնապահպանական կազմակերպությունների բողոքի վրա հիմնված դատավարությունն ընդդեմ ՀՀ կառավարության մարմինների, որտեղ վիճարկվում է Ամուլսարի հանքին տված թույլտվությունների օրինականությունը:
• Լիդիանն ընդդեմ Բնապահպանության եվ ընդերքի տեսչական մարմնի եվ Ոստիկանության ներկայացրել է 3-ից ավելի վարչական հայց / բողոք։
• Ընկերությունը քաղաքացիական հայցերով դատի է տվել ավելի քան 20 անձի։
• Երկու դատական գործ ներկայացվել է ընդդեմ լրատվամիջոցների։
• Մեկ հայց ներկայացված է ընդդեմ փաստաբանի
• 2 հայց՝ ընդդեմ Ազգային ժողովի պատգամավորների
• Ընկերությունը մինչ օրս չի կարողացել գնալ ներդրումային արբիտրաժային դատարան եվ դատի տալ Հայաստանի Հանրապետությանը։
Ֆիլմ/Հոդվածի հեղինակ՝ Թեհմինե Ենոքյան
Ֆիլմը պատրաստվել է «Կանաչ Հայաստան» Բնապահպանական,Կրթական ՀԿ-ի և Global Greengrants Fund-ի միջոցներով: