Արջը տանջվում է փոքր, զզվելի և կեղտոտ վանդակում՝ Հանքավանի «Նաիրի Սպա Ռեզորթս» հյուրանոցում (տեսանյութ)

ՀՀ Կոտայք մարզի Հանքավանի մոտակայքում գտնվող «Նաիրի Սպա Ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում անազատ պայմաններում պահվում է մեկ կարմիրգրքյան գորշ արջ /Ursus arctos/։ Կենդանու պահման պայմանների վերաբերյալ մի քանի անգամ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ստացել է ահազանգեր տարբեր քաղաքացիների կողմից, որոնք անհանգստացած են կենդանու ճակատագրով։

Ահազանգող քաղաքացիներից մեկը հայտնել է․ «Խնամք չեմ տեսել․․․ չեմ տեսել, որ երբևէ այնտեղ մարդիկ մոտենան։ Ես մտածում եմ, որ այդ արջին իրենք կերակրում էին մեր մնացած ուտելիքներով, այդ օրը մենք ինչ պատվիրել ենք, տակը ինչ մնացել է, այդ են տվել։ Արջը շատ փոքր, զզվելի վանդակում էր, որն իրենք շատ երկար ժամանակ չէին մաքրել։ Ինքը ամբողջ ժամանակ այդ կեղտի ու ցեխերի մեջ էր․․․ ոչ մի չոր տեղ, նույնիսկ դեզ չկար, հատակն էլ թաց էր։ Իմ ընկերները մսի մի քանի կտորներ, ձուկ գցեցինք, կերավ։ Արջը մենակով գնում-գալիս էր, որ մենք էլ մոտենում էինք դեպի մեզ էր գալիս։ Դեմքն էլ մի փոքր ծռված էր»։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի լրագրողն այցելել է «Նաիրի Սպա Ռեզորթս» հյուրանոց, սակայն նրան չեն թողել մտնել տարածք և ուսումնասիրել, նկարահանել արջի պահման պայմանները։ 

Տեղում լրագրողը կապ է հաստատել գլխավոր մենեջեր Լիլիի հետ, որը մերժել է նկարահանելու խնդրանքը՝ ասելով․ «Էտ կենդանու նման ես ապրեի մի օր։ Արջն առոք–փառոք իրա համար ապրում ա, իրա համար ամեն ինչ արվում ա, ինքը հյուրանոցային տնտեսությունում ա ապրում, դուք պատկերացնո՞ւմ եք ինքը ինչքան սնունդ ունի։ Եթե մենք դաժը տարածքում չենք, իրա համար ճաշ ա եփվում, տարվում։ Ու էտ արջին մենք ոչ մեկին տալու ենք, ոչ էլ ըտեղից հանելու ենք, էտ թեման թող մոռանան։ Ոչ, մենք մտադրություն չունենք տալու։ Էտ արդեն մեր թալիսմանն ա դառել․․․ երբ որ վիրավոր անտառից եկավ, էտ ժամանակ վիձիտե լի ոչ մեկ չօգնեց, պահեցինք, մեծացրեցինք, մարդ սարքեցինք մեր հաշվին, հիմա ուզում են տանեն։ Դարձավ էն ալիմենտ վճարող պապաների տարբերակը․ երեխեն մեծանում ա, հիշում են, որ երեխա ունեն, չէ՛, չենք տալու»։

 

Փաստացի, աշխատակցուհին հաստատել է, որ կենդանին սնվում է ուտելիքի մնացորդներով, սակայն տեղում գտնվող աշխատակիցները մեզ հայտնեցին, որ հյուրանոցը երկար ժամանակ է, ինչ այցելուներ չունի և փակ է։

Մեր դիտարկմամբ՝ հնարավոր է նաև, որ արջը թերի է կերակրվում, ինչով էլ բացատրվում է կենդանու ագրեսիվ վարքը տեսանյութերից մեկում։

Մենեջեր Լիլին հայտնեց նաև․ «Երևի 5 տարեկան ա, կառուցելու ժամանակ ա եկել, առանց մամա, առանց բան, վիրավոր էլ եղել ա։ Ինքը մի հատ ա, իրա հետ երբեք ոչ մի արջ չի եղել, կոմերցիոն նպատակով չի բազմացել, ոնց եկել ա, էտ մի հատն ա իրա ապրելու պայմաններում։ Հասկանո՞ւմ եք, ինքը ոչ որս կարա անի, իրա դեմը սաղ կյանք ուտելիք են բերում դնում, հլը ինչն էլ դուրը չի գալիս չի ուտում, բրդում ա եղունգով հետ»։

Ընդգծենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «վիրավոր արջին փրկելու ընթացքում» կենդանին հայտնվում է վանդակում և ամբողջ կյանքում բանտարկված է մնում։ ՀՀ–ում մասնավոր տարածքներում պահվող վայրի կենդանիների դեպքում «տերերը» գրեթե նույնությամբ կրկնում են պատմությունը, որոնցից մեկն է նաև Սիսիանի «Resort MJA» հանգստյան գոտին։ Վերջինս նաև հիմնավոր տեսակետ է հայտնում արջի բնազդների կորստի հետ կապված, սակայն բնական է, որ կենդանին պետք է տեղափոխվի վերականգնողական կենտրոն, ինչից հետո միայն պարզ կլինի նրա ապագան։

Կարմիրգրքյան կենդանին պահվում է փոքր վանդակի մեջ, ոչ բարվոք պայմաններում, բացակայում է մասնագիտական և կենդանաբուժական հսկողությունը, կենդանին սնվում է անհայտ ծագման մթերքներով, հավանաբար՝ սննդային մնացորդներով։ 

Ականատեսները նշում են, որ կենդանու վանդակը երկար ժամանակ լվացված չի եղել, հատակը կեղտոտ է և թաց։ Արջը զուրկ է եղել նաև գլխի վերևում հասարակ ծածկից, որը կպաշտպանի նրան անձրևից և ձնից։ Կենդանին ստիպված է մշտապես վատ եղանակային պայմանների ազդեցության ներքո գտնվել և նույնիսկ արևի կիզիչ ճառագայթներից թաքնվելու հնարավորություն չունենալ։ Վանդակը, որտեղ կենդանին պահվում է, զուրկ է հիգիենայի տարրական հնարավորություններից․ արջը կեղտոտում, սնվում և ապրում է նույն տարածքում, որն անգամ երբեք չի մաքրվում կամ չի մաքրվում պատշաճ հաճախականությամբ։ 

Ստացվում է, որ արջի հյուրանոցում գտնվելը հիմնավորվում է նրա բիզես գործառույթով, հավանաբար նաև այցելուներ ներգրավելու հանգամանքով, հետևաբար, կենդանին շահագործվում է նաև որպես զվարճանքի, բիզնես միջոց։ Ստացվում է, որ հյուրանոցի տնօրինությունը համաձայն չէ արջին տեղափոխել առավել լավ պայմաններով, մասնագիտական խնամքով ապահովված վերականգնողական կենտրոն, այլ շարունակում է կենդանուն պահել շատ վատ պայմաններում, միայն այն պատճառով, որ նա հյուրանոցի «թալիսմանն» է։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կրկին ահազանգում է խնդրի մասին՝ հայտնելով, որ առկա են բոլորիրավական հիմքերը խնդրին լուծում տալու համար, ուստի կոչ ենք անում ԲԸՏՄ–ին կատարել իր գործառույթները լիարժեք։ 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում