Ինչո՞ւ է անհրաժեշտ ձմռան ամիսներին կերակրել ձեզ շրջապատող թռչուններին

Գիտեք ինչո՞ւ է անհրաժեշտ ձմռան ամիսներին կերակրել ձեզ շրջապատող թռչուններին։ Հատկապես ձնառատ և խստաշունչ ձմռան ամիսներին անչափ կարևոր է հավելյալ սննդի պաշար ապահովել թռչունների համար։ Այս ամիսներին, երբ յուրաքանչյուրն ունի ջերմության և հոգատարության կարիք, կարելի է մի փոքր ժամանակ և միջոցներ հատկացնել նաև ձեզ շրջապատող թռչունների կերակրման համար։ Այս շրջանում նրանք ամենաշատն ունեն օգնության կարիք։

«ԱրԱվես» ՀԿ-ն պարբերաբար ներկայացնում է պատճառներ, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է անհրաժեշտ օգնել թռչուններին հենց ձմռան ամիսներին։ Առաջնային պատճառներից մեկն այն է, որ ձմռան ամիսներին բնական սերմերի պաշարները, որոնցով սնվում են շատ թռչուններ, սպառվում է, քանի որ դրանք աճում են հիմնականում ամռանը։ Այս ամիսներին հատկապես դժվար է դառնում բնական սերմերի փնտրտուքը։ Եթե անգամ այդպիսի սերմեր գտնվեն, ձմռան քամին հաճախ քշում է սնունդը կամ դրանք պարզապես մնում են ձյան տակ և դառնում են ոչ պիտանի։ Կրճատվում է նաև ցերեկային ժամերի տևողությունը, ուստի ավելի քիչ ժամանակ է մնում սնունդ հայթայթելու համար։
Ձմռան ամիսներին թռչունների հավելյալ կերակրումն օգնում է նրանց առավել լավ պատրաստվել գարնանային զուգավորման շրջանին։ Հավելյալ սննդի ապահովման պայմաններում գարնանը տեղի ունեցող զուգավորման գործընթացն առավել հաջող է ընթանում և ձագերն ավելի առողջ են ծնվում։ Բացի այդ, ձմռանը թռչուններին անհրաժեշտ են նաև սննդարար մթերքներ, քանի որ այդպիսինները գրեթե ամբողջությամբ բացակայում են շրջակայքում։ Տարվա այլ եղանակներին թռչունները սնվում են միջատներով և մրգերով, իսկ ձմռանը գրեթե զրկված են այդ հնարավորությունից։

Պետք չէ մոռանալ նաև, որ ձմռան ամիսներին գիշատիչների՝ կատուների, մկների և այլ կենդանիների սննդի պաշարները նույնպես պակասում են, ուստի թռչունները կարող են նրանց համար կերի աղբյուր դառնալ։ Հավելյալ սննդի պաշար ապահովելու ընթացքում անհրաժեշտ է գործընթացը կազմակերպել այնպես, որ այն հնարավորինս անվտագն լինի․ կերակրման վայրերը պետք է լինեն ապահով և գիշատիչների աչքից հեռու։ Բացի հավելյալ սնունդը չպետք է մոռանալ նաև թռչունների համար հավելյալ ջրի պաշար ապահովելու մասին։ Ջուրը նույնքան կարևոր է, որքան սնունդը։ Հետևելով այս քայլերին, մեկ օր կնկատեք, որ ձեր կողմից խնամվող տարածքը վերածվել է ձեր սիրելի թռչուններով լեցուն դրախտի։

Հայաստանում հանդիպող յուրահատուկ թռչնաշխարհը մշտապես գտնվում է «ԱրԱվես» ՀԿ-ի (Ar=Armenia/Հայաստան, Aves=Birds/Թռչուններ) և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահների ուշադրության կենտրոնում։ «ԱրԱվես» ՀԿ-ը ակտիվորեն զբաղվում է Հայաստանի բազմազան թռչնատեսակների ուսումնասիրությամբ և անչափ կարևորում է հատկապես անգղերի պոպուլյացիայի կայուն դինամիկան։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում