Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկը կկառուցվի մինչև 2035թ․-ը
ՀՀ կառավարությունը Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման վերջնաժամկետ է սահմանել 2035թ.: ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար ֆինանսական աղբյուրները հստակեցված չեն: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից (մինչև 2040 թվականը)»։ Ծրագիրը ՀՀ կառավարության կողմից արժանացավ հավանության արժանացրեց 2021թ․-ի հունվարի 14-ի նիստին:
Համաձայն «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական (մինչև 2040թ.)» ծրագրի, Հայաստանում մինչև 2036թ. ատոմային էներգետիկայի զարգացման՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր էներգաբլոկի կառուցման համար կպահանջվի 480 միլիոն դոլար, որից 170 միլիոն դոլարն արդեն ծախսվել է ռուսական վարկից:
Նշենք, որ Կառավարությունը մտադիր է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը շահագործել մինչև 2036թ., եթե հիմնավորվի նրա անվտանգ շահագործման ժամկետի երկարաձգումը: Ներկայումս ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացված է 2016թ-ից մինչև 2026թ-ը: ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման համար ՀՀ կառավարությունը վարկ է վերցրել Ռուսաստանի Դաշնությունից 270 միլիոն դոլարի չափով, և դրամաշնորհ 30 միլիոն դոլարի չափով, որից 2020թ-ի դրությամբ ծախսել է 189 միլիոն դոլար: Ընդունվել է ՀՀ կառավարության որոշում, որ գումարի մնացած մասը՝ 63.2 միլիարդ դրամ, կներդրվի ՀՀ պետական բյուջեից: Մինչև 2036թ. ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու համար ըստ կանխատեսումների կպահանջվի լրացուցիչ 150 միլիոն ԱՄՆ դոլար: