Որսի կանոնները փոփոխվել են․ թույլատրվել է ևս մեկ կենդանատեսակի որս
ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀՀ տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021թթ. օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանի մեջ լրացում է կատարվել:
ՇՄՆ հայտարարությամբ ասվում է՝ հրամանի լրացման համար հիմք է հանդիսացել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված առաջարկությունը՝ 2020-2021 թվականների որսաշրջանի ընթացքում գայլի որս թույլատրելու վերաբերյալ, ինչպես նաև՝ 2019-2020թթ․ գայլերի հարձակման դեպքերի վերաբերյալ շահագրգիռ գերատեսչություններից ստացված տվյալները։
Ստացված առաջարկությունը և առկա տվյալները Շրջակա միջավայրի նախարարությունը քննարկել է նաև Գիտությունների ազգային ակադեմիայի հետ և ստացել դրական եզրակացություն։
Ընդգծենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը ստորագրվել է դեռևս 2020թ․–ի օգոստոս ամսին։
Ստորագրված հրամանի համաձայն՝ չի թույլտրվել գայլերի որս, սակայն այժմ՝ 3 ամիս անց, որոշում է կայացվել թույլատրել։ ՇՄՆ հայտարարությամբ պարզաբանված չեն նաև որոշումը փոփոխելու հիմքերը։ Նշենք, որ տարիներ շարունակ այս միջոցը ՀՀ–ում համարվում է գայլերի գլխաքանակի կարգավորման միակ տարբերակը, որի արդյունավետությունը «կասկածելի» է։