«Ջամբո» ռեստորանում «անհայտ վիրուսից» կապիկ է անկել (տեսանյութ)

Հրապարակումը պատրաստվել է մինչև սեպտեմբերի 27-ը։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, ինչպես նաև ՀՀ-ում կենդանիների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող քաղաքացիները շարունակում են ահազանգել, որ ոլորտն ամբողջությամբ անվերահսկելի է և անհրաժեշտ է խիստ կանոնակարգող իրավական նորմերի կիրառում։ Հատկապես, իրադարձություններն անվերահսկելի են մասնավոր հատվածում, որտեղ բիզնեսով զբաղվող տարբեր քաղաքացիներ կենդանիներին շահագործում են իրենց նպատակներով և առանց պատասխանատվության զգացումի։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը մշտապես ահազանգել է «Ջամբո» էկզոտիկ պարկ և ռեստորանում տիրող իրավիճակի մասին։ Վերջին ամիսների ընթացքում նշված բիզնես համալիրում տեղի ունեցող իրադարձությունները ևս չեն վրիպել լրագրողի ուշադրությունից։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը պարզել է, որ վերջերս «Ջամբո»-ի տարածքում տարբեր պատճառներով անկել են թե՛ վայրի տեսակների, թե՛ ընտանի կենդանիներ։

Ըստ մեր տեղեկությունների՝ «Ջամբո» ռեստորանում պահվող և հիմնադիր Արտյոմ Վարդանյանի կողմից «անձամբ շահագործվող» ռեզուս մակակ տեսակի կապիկը անկել է պաշտոնապես «անհայտ» հանգամանքներում։ Ըստ ամենայնի՝ կապիկի մահվան պատճառ է հանդիսացել լեպտոսպիրոզ (leptospirosis) սուր վարակիչ զոոնոզ հիվանդությունը։

Ռեզուս մակակ տեսակի կապիկը՝ Արտյոմ Վարդանյանիև ընկերների տոնախմբության ժամանակ։

Կապիկին փորձում են դիմակ հագցնել։

Կապիկը, որը հայտնի է «Լիզիկ» մականվամբ, ունեցել է հիվանդության ախտանիշներ և կենդանուն զննել են «Ժօլի» կենդանաբուժական կենտրոնում, սակայն մի քանի օր անց կապիկն անկել է: Ըստ նույն աղբյուրի՝ կենդանու մոտ առկա է եղել վիրուսային հիվանդության կասկած, սակայն հստակ տեսակը որոշել չի հաջողվել, բացի այդ՝ կենդանին ամբողջությամբ «դեղնած» է եղել:

Արտյոմ Վարդանյանն ասել է, թե կենդանուն կարիճն է խայթել, սակայն կենդանաբուժական կլինիկայում զննության ընթացքում խայթոցի հետք չի հայտնաբերվել: 

Կապիկին փորձում են դիմակ հագցնել։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգել է Սննդի անվտանգության տեսչական մարմին՝ հայտնելով առկա տեղեկությունները։ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ստորագրությամբ ստացված գրությամբ ասվում է․ «ՍԱՏՄ տեսուչների՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի տարածքում գտնվող Ջամբո էկզոտիկ պարկ-ռեստորանային տարածք կատարած այցի ընթացքում պարզվել է, որ այնտեղ պահվող Ռեզուս Մակակ կապիկն անհայտ պատճառներով անկել է։ Մինչ այդ կենդանուն զննել են «Ժօլի» կենդանաբուժական կենտրոնում, որտեղ կատարվել է արյան ընդհանուր հետազոտություն։ Պարզվել է, որ կենդանու մոտ առկա է անեմիա։ Վիրուսային ինֆեկցիաների նկատմամբ հետազոտություն չի կատարվել՝ համապատասխան պայմաններ չունենալու պատճառով։ Դեպքի վաղեմության հետ կապված՝ լրացուցիչ հետազոտության անցկացումը հնարավոր չէ։

Ներկա պահին Ջամբո էկզոտիկ պարկ-ռեստորանային տարածքում կապիկներ չկան, բոլոր վանդակներն ախտահանված են, սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանում է օրենսդրությամբ սահմանված նորմերին, աշխատակիցներից որևէ մեկի մոտ որևէ հիվանդություն չի հայտնաբերվել» (օգոստոս ամսին)։

Ընդգծենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգել է դեպքի մասին լրագրողին հայտնի դառնալուց անմիջապես հետո, սակայն կենդանին արդեն իսկ անկած է եղել մոտ 14 օր։ Սա վկայում է այն մասին, որ տեղեկատվությունը թաքցվել է ՍԱՏՄ-ից թե՛ կենդանու խնամողի, թե՛ կենդանաբուժական կլինիկայի կողմից։ Տեղեկատվության թաքցված լինելու հետևանքով շատ կարևոր մանրամասներ պարզելու հնարավորությունը բաց է թողնվել։

ՍԱՏՄ տեսուչներին, հավանաբար, ցույց չեն տվել կամ վերջիններս աչք են փակել Ջամբո ռեստորանի այն տարածքների վրա, որոնք չափազանց «հարմարավետ» են լեպտոսպիրոզի հարուցիչների՝ լեպտոսպիրա (Leptospira) մանրէների, բազմացման համար, ինչպես նաև՝ դուրս են առհասարակ «սանիտարահիգիենիկ» հասկացությունից։

«Ջամբո» ռեստորանի տարածքում առկա են ջրականգեր, որտեղ ըստ ականատեսների բազմաթիվ են նաև առնետները։ Նույն տարածքներում պահվել են նաև տարբեր տեսակի կենդանիներ՝ շներ, ձիեր, էշ, տարբեր տեսակի թռչուններ և այլն։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը՝ վարակի աղբյուր են հանդիսանում կրծողները, չղջիկները, նապաստականմանները, երկսմբականի կենդանիները, գորշ և սև առնետները, տնային մկները, շները, կատուները, մանր և խոշոր եղջերավոր անասունները, խոզերը, տնային թռչունները (հավեր, սագեր, բադեր և այլն): Լեպտոսպիրոզները հիմնականում փոխանցվում են 3 ուղիներով՝ ջրային, սննդային, և շփման: Այդ ուղիներից հիմնականը ջրայինն է (90-97,8%): Ջրային բռնկումները առաջանում են ինչպես վարակված ջրամբարներում լողանալու, այնպես էլ վարակված ջուրը խմելու դեպքում: Մարդիկ վարակվում են նաև վարակված կենդանիներին խնամելիս կամ մորթ կատարելիս: Հիվանդության առավելագույն դեպքերը (60%) տեղի են ունենում ամռան ամիսներին, այսպիսի սեզոնայնության պատճառը վարակված ջրականգերում լողանալն է և գյուղատնտեսական ամառային աշխատանքները:

«Կենդանիների լեպտոսպիրոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման» հրահանգով ասվում է․ «Լեպտոսպիրոզը վայրի, ընտանի կենդանիների և մարդու վարակիչ, զոոնոզ, բնական օջախային հիվանդություն է, որը բնութագրվում է կարճատև տենդով, սակավարյունությամբ, դեղնությամբ, հեմոգլոբինուրիայով, հեմորագիկ դիաթեզով, լորձաթաղանթների և մաշկի մեռուկով, մարսողական օրգանների տոնուսի անկմամբ, կաթնազատման մասնակի կամ լրիվ ընդհատմամբ և օրգանիզմի հյուծվածությամբ»:

Անկած կապիկը՝ շան հետ։

Այս պարագայում, անկած կենդանու մոտ հայտնաբերվել է սակավարյունություն, ինչպես նաև՝ դեղնություն։ Հետևաբար, կապիկի մոտ լեպտոսպիրոզ հիվանդության առկայությունը և նրա մահվան պատճառ հանդիսանալն իրատեսական է։ Լեպտոսպիրոզ հիվանդության վերջնական ախտորոշումը հաստատվում է լաբորատոր հետազոտության արդյունքում, ինչն էլ չի արվել։

Ըստ մեր տեղեկությունների՝ վերջին ամիսներին Ջամբո ռեստորանի տարածքում անկել են նաև շներ /շպից, կորսո/ թութակ, իսկ մյուս կենդանիների ճակատագիրն անհայտ է։

Այս ընթացքում ռեստորանը գործել է և ընդունել հյուրերի, մատուցել սնունդ։ Ինչպես բազմաթիվ անգամներ իր բաց հանրային հարթակում բեռնված տեսանյութերով հաստատել է նաև Արտյոմ Վարդանյանը, անկած կապիկը մշտապես շրջել է ռեստորանի տարածքում։

Լիզիկն օգտագործվել է որպես զվարճանքի միջոց, շահագործվել խնամողի կողմից, և վերջում անկել «անհայտ մահով»։ Կապիկը Արտյոմ Վարդանյանի կողմից հրապարակվող տեսանյութերում մշտապես վզկապով կապված է, հանդիսացել է իր և իր ընկերների, հյուրերի զվարճանքի առարկան։ Արտյոմ Վարդանյանի տեսանյութերից մի քանիսում ինքն ու իր ընկերները հավանաբար ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ զվարճանում են՝ ծաղրի առարկա ընտրելով կապիկին կամ այլ կենդանիների։ 

Արտյոմ Վարդանյանի և ընկերների խրախճանքը՝ կենդանիների մասնակցությամբ։

Նշենք, որ Արտյոմ Վարդանյանը մշտապես առանձնացել է իր կողմից խնամվող կենդանիների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքով։ Ուշագրավ է նաև մեկ այլ կապիկի հետ տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով կապիկը զրկվել է ձեռքից, իսկ այժմ՝ անհայտ է, թե որտեղ է։ Ըստ մեր տեղեկությունների՝ կենդանու ձեռքը վնասել է տարածքում պահվող շունը, իսկ Արտյոմ Վարդանյանն այնքան երկար է անտեսել կենդանու վնասվածքը, որ առաջացել են բարդացումներ և կենդանու թաթն անդամահատվել է։

Արտյոմ Վարդանյանը «Ջամբո» ռեստորանի տարածքում նաև այլ՝ «թաքցրած» բիզնես գործունեություն է ծավալում։ Վերջին տարիներին վերջինս զբաղվում է ցեղական տեսակների շների բուծմամբ և վաճառքով։ Տեսանյութերից մի քանիսում շներն ու կապիկները միևնույն վանդակում են և միմյանց նկատմամբ դրսևորում են ագրեսիվ վարք, ինչը բնական է, սակայն կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ 

Ինչևէ, կենդանիների մեծամասնությունն արդեն անկել է և ոլորտում պատշաճ վերահսկողության բացակայության պայմաններում այդպես էլ անհայտ կմնան բազմաթիվ հանգամանքներ։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգել, որ վերահսկողության բացակայությունը համատարած է։ Իրավիճակն անհանգստացնող է հատկապես մասնավոր հատվածում, քանի որ կենդանիների անկման, հիվանդության և շահագործման դեպքերն ի հայտ են գալիս միայն հասարակության միջամտության շնորհիվ։ 

2020թ․-ը ցույց տվեց մարդկությանը, որ բնության և կենդանական աշխարհի օբյեկտների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը կարող է վտանգավոր լինել։ ՀՀ-ում անհայտ հանգամանքներում կապիկ է անկել, պետական գերատեսչություններից տեղեկատվությունը թաքցվում է, իսկ պատասխանատու մարմինները շարունակում են խնդրին անլրջությամբ մոտենալ։ 

 

Հոդվածի հեղինակ՝ Մարիամ Տաշչյան /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր/

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում