Ամուլսարի տարածքում վրաերթի են ենթարկել ու սպանել շան երեք ձագերի (տեսանյութ)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: 

Այսօր հայտնի դարձավ, որ Ամուլսարի հանքավայրը շահագործել նախատեսող «Լիդիան Արմենիա» ընկերությունը փոխել է պահանորդային ծառայություն մատուցող ընկերությանը, ինչի հետևանքով որոշակի լարված իրավիճակ է ստեղծվել դեպի հանքավայր տանող ճանապարհները փակած քաղաքացիների և աշխատակիցների միջև: 

Այս մասին ահազանգել է Ամուլսարի պահապան Շիրակ Բունիաթյանը, ինչից հետո տարածքում մոբիլիզացվել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք դեմ են հանքավայրի շահագործմանը: Ականատես Շիրակ Բունիաթյանը գրել է. «Ինչքանովա՞ նորմալ, որ պահնորդական ծառայություն իրականացնող մասնավոր կազմակերպության աշխատակիցը զինված Калашников-ի ինքնաձիգով կանգնած էր Ջերմուկ տանող մայրուղու վրա։ Այո՛ ոչ թե ճամփեզրին, կամ Լիդիանի սեփականություն կոչվող տարածքում, այլ հենց մայրուղու վրա»:

Բացի այդ, քաղաքացիներն ահազանգում են, որ տարածքում գտնվող պահակ շների և նրանց ձագերի նկատմամբ դրսևորվել է դաժան վերաբերմունք: Պահանորդային ծառայության աշխատակիցները վրաերթի են ենթարկել և սպանել նորածին երեք ձագուկներին: 

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվության: 

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում