«Կեղծ արժեքների սինդրոմը․․․ Կեղծ բարերարից՝ կեղծ կենդանասեր» (տեսանյութ)
ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի PR թիմը նոր ռազմավարություն է որդեգրել․ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում պարբերաբար հայտնվում են վերջինիս պատկանող մասնավոր տարածքում անազատ պայմաններում ապօրինաբար պահվող կենդանիների ապօրինի բուծման արդյունքում անազատության մեջ ծնված ձագերի, մասնավորապես՝ առյուծների տեսանյութեր և լուսանկարներ։ Առաջին հայացքից «քյութ» թվացող այս ձագերի խնամքով, ըստ պարոն Ծառուկյանի, հենց ինքն է զբաղվում։
«Եզակի ցեղատեսակի Սիմբա անունով առյուծի մասին ես անձամբ եմ մշտապես հոգ տարել ու խնամել»,- բազմիցս հայտնել է նա, սակայն EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ կենդանիները գտնվել են այլ վայրում, այլ մարդկանց ձեռքերում և չեն եղել պատգամավորի անձնական խնամքի տակ։ Մեր տեղեկությունների համաձայն՝ կենդանին գտնվել է անհայտ պայմաններում, նրա մասին հոգ են տարել այլ մարդիկ, որոնք հավանաբար մեծահարուստ պատգամավորի «կատարածուներն» են։ Կենդանին, հավանաբար, պարոն Ծառուկյանի դղյակ է բերվել նրա հետ ակնահաճո ֆոտոսեսիա ունենալու նպատակով՝ ցուցադրելով վերջինիս մեծահոգությունը և շինծու կենդանասիրությունը:
Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները ոչ միայն օգագործվում են, որպես PR գործիքներ, այլ նրանք բացառապես ծառայում են որպես զվարճանքի միջոց, խաղալիք ոչ միայն պատգամավորի և նրա ընտանիքի անդամների, այլև «կատարածուների», նրանց մերձավորների և «աղջիկ կպցնելու մոլուցքով» տառապող երիտասարդների համար։
Սիմբա առյուծն իրականում գտնվել է arm_002_0 անունով օգտատիրոջ /Արամ/ տանը: Վերջինիս կողմից հրապարակված տեսանյութերը, ինչպես նաև՝ մեզ հետ զրույցում արված խոստովանությունը վկայում են, որ առյուծը Սիմբան է, գտնվում է ոչ թե «կախարդական դղյակում, այլ ինչ-որ մեկի չուլանում»։
arm_002_0 /Արամ/
«Ինքը վաղվանից Գագիկ Ծառուկյանինն ա, վաղը տանեն՝ պրծնենք, կտանեմ Ծառուկյանենց տուն, կտենաս․․․ Յեքա էշ ա, կծի-մծի կմեռնեմ․․․ իրա սենյակում ա, դուրսը․․․ եթե հերս չտարավ, շուտ հելա, կնկարեմ հարց չկա»,- գրել է Արամը։ Այս դիալոգից օրեր անց Սիմբան հայտնվել է Երևանի կենդանաբանական այգում:
Երիտասարդը, ի դեպ, «Նիվաների սիրահար» է, դրսևորում է անհարգալից վարք ոստիկանության ծառայողների նկատմամբ, ինչի մասին վկայում են իր իսկ կողմից բեռնված տեսանյութերը։ Դրանցից մի քանիսում վերջինս ոչ հարգալից վարք և գրառում է կատարում ոստիկանների նկատմամբ, խախտում է երթևեկության կանոնները, ինչպես նաև հրապարակում է տարբեր երիտասարդ աղջիկների մասնակցությամբ տեսանյութեր։ Հրապարակված տեսանյութերը միջոցով ընթերցողին հասկանալի է դառնում երիտասարդի հավաքական կերպարը։
Ընդգծենք, որ անկախ վերոնշյալ հանգամանքներից ՀՀ-ում անազատ կամ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու գրեթե բոլոր դեպքերն ապօրինի են, քանի որ չեն կատարվում «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքով սահմանվող պահանջները: Նշված օրենքում առկա են բազմաթիվ թերություններ, բայց այնուամենայնիվ այն սահմանում է. «Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումն ու դրանց պահումն անազատ պայմաններում կամ վերաբնակեցումն ազատ պայմաններում իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման» /հոդված 21/:
Հիշեցնենք նաև, որ օրերս հերթական ուշագրավ դեպքն է արձանագրվել, հավանաբար, վայրի կենդանու մասնակցությամբ. Առինջ համայնքում, Ս․ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ «թռչկոտելիս» է եղել բեզոարյան այծի երիտասարդ առանձյակ։ Ըստ մեր տեղեկությունների՝ կենդանին փախչել, դուրս է թռչել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքից, ինչից հետո վերջինիս «հետապնդել» են մեքենաներով՝ փորձելով բեզոարյան այծին հետ վերադարձնել տարածք։ Ի վերջո, «հետապնդողներին» հաջողվել է կենդանուն հետ քշել տարածք։
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, ՀՀ ճանապարհային ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: