Հղի փիղը ճայթուկներով լցված արքայախնձոր է կերել և մահացել

Օրերս դաժան և ցավալի դեպք է գրանցվել Հնդկաստանի Կերալա նահանգում։ Հղի փիղը մահացել է՝ ուտելով արքայախնձոր, որը լցված է եղել ճայթուկներով։ Ենթադրաբար, միրգը կենդանուն տվել են տեղի բնակիչները և այն պայթել է կենդանու բերանի խոռոչում, ինչը հանգեցրել է անխուսափելի մահվան։ 

Դեպքը տարածում է ստացել, երբ տեղի անտառապահներից մեկը գրել է դրա մասին համացանցում։ 

Դեպքը տեղի է ունեցել, երբ վայրի բնության մեջ ապրող փիղը դուրս է եկել Սայլենթ Վալի (Silent Valley) կոչվող ազգային պարկի տարածքից և գնացել դեպի հարակից գյուղը՝ սնունդի փնտրտուքով։ Անտառապահը նշել է, որ կենդանին ենթադրաբար արքայախնձոր է կերել։ 

Անտառապահ Մոհան Քրիշնանը գրել է․ «Նա վստահում էր բոլորին։ Երբ արքայախնձորը, որը կերել է, պայթել է, նա հավանաբար շոկի մեջ է եղել՝ մտածելով ոչ թե իր, այլ ձագի մասին, որին պատրաստվում էր ծնել 18-20 ամիս անց»։

Ճայթուկներն այնքան մեծ վնաս են հասցրել, որ կենդանու լեզուն և բերանը վատ վիճակում են եղել։ Վերջինս քայլել է գյուղով մեկ՝ չկարողանալով սնվել և ուժեղ ցավի ազդեցության ներքո։ 

«Անգամ երբ անտանելի ցավի հետևանքով փիղը վազել է գյուղով մեկ, ոչ մի վնաս չի պատճառել ոչ մի մարդու, չի ավիրել ոչ մի տուն։ Ահա՝ ինչու եմ վստահ, որ նա բարի էր»,- շարունակել է նա։ 

Ի վերջո, փիղը հայտնվել է Վելիյար կոչվող գետի մեջ և կանգ է առել այնտեղ։ Լուսանկարներում փիղը կանգնած է գետի հունի մեջ, բերանն ու լեզուն ամբողջությամբ ջրի մեջ ընկղմած, ինչը հավանաբար, որոշ չափով մեղմել է կենդանու ցավը։ Անտառապպահները դիմել են երկու այլ փղերի օգնությանը, սակայն գետի մեջ կանգնած հղի փղին ոչ մի օգնություն ցուցաբերել չի հաջողվել և վերջինս մահացել է։ 

Reuters-ը հայտնել է, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում