Հայաստանի կրկեսն առանց կենդանիների․ մեկնարկել է ստորագրահավաք

Հայաստանում սկսվել է ստորագրահավաք կրկեսներում կենդանիների շահագործման դեմ։ Ստորագրահավաքին կարելի է մասնակցել հղմամբ։

Ստորագրահավաքի ուղերձով ասվում է․ «Այս պահին կա բացառիկ հնարավորություն օրենսդրական մակարդակում արգելելու կենդանիների շահագործումը մարդկանց զվարճանքի կամ միայն բիզնես շահույթ ստանալու նպատակով, որովհետև փոփոխության է ենթարկվում «Կենդանական աշխարհի» մասին ՀՀ օրենքը: Մի շարք տեղական բնապահպանական կազմակերպություններ և բնապահպաններ արդեն ներկայացրել են իրենց տեսակետն ու դեմ արտահայտվել կենդանիների շահագործմանը ՀՀ կրկեսում՝ ներկայացնելով բազմաթիվ գիտական հիմնավորումներ և առաջարկներ:

Այժմ ստեղծված է բացառիկ հնարավորություն ներկայացնելու նաև հանրային արձագանքը այս երևույթի նկատմամբ: Յուրաքանչյուր ձայնը կարևոր է, և սա գուցե այն բացառիկ հնարավորությունն է, որն այսուհետ վերջ կդնի կենդանիների տանջանքներին կրկեսներում և չի խրախուսի առանձնակի դաժան վերաբերմունք կենդանիների նկատմամբ: Հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաներն ու վիզուալ հնարքների լայն հնարավորությունները` Հայաստանում կրկեսն առանց կենդանիների չի կորցնի իր հետաքրքրությունը հանդիսատեսի շրջանում, այլ ընդհակառակ՝ կնպաստի ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացմանը բոլոր հարթակներում։

Ավելի քան 100 երկիր արգելել կամ սահմանափակել է կրկեսում կենդանիների շահագործումը, դրանց թվում են՝ Ավստրիան, Խորվաթիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան, Շոտլանդիան, Հնդկաստանը և հարևան Իրանը: Կոչ ենք անում ՀՀ վարչապետին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն ու ՀՀ Ազգային ժողովին՝ արգելել կենդանիների շահագործումը ՀՀ-ում գործող կրկեսներում:

Կենդանիները ծաղրածուներ չե՛ն:

Արգելքի պատճառները բազմաթիվ են.

  • Կրկեսը չի իրականացնում վայրի կենդանիների հետ կապված գիտական կամ կրթական որևէ գործառույթ, չունի կենդանու պահպանման առաքելություն, և ուղղորդվում է բացառապես շահույթ ստանալու նկատառումով
  • Կենդանիների վարժեցումն իրականացվում է առանձնակի դաժանությամբ, քանի որ ժամկետները սուղ են, իսկ տոմսերը՝ վաճառված
  • Կենդանիներին ստիպում են կատարել հնարքներ, որը կենդանին չէր կատարի իր բնական միջավայրում՝ վառվող օղակների միջով թռչելը, մեկ կամ երկու ոտքի վրա կանգնելը, զգեստով պարելը
  • Կենդանիներին պահում են փոքր արկղերում ու նեղ վանդակներում, չեն ապահովում կենդանիների պահման նվազագույն անհրաժեշտ պայմանները
  • Կրկեսում չեն ապահովվում կենդանու տարիքային առանձնահատկությունները, իսկ բեմադրական տարիքն անցած կենդանիներից անմիջապես ազատվում են
  • Կենդանիների շահագործումն զվարճանքի նպատակով անհամատեղելի է էկոկրթության և բնասիրության գաղափարախոսության հետ
  • Կենդանիների շահագործումը զվարճանքի նպատակով անհամատեղելի է էկոկրթության և բնասիրության գաղափարախոսության հետ
  • Կենդանու հարձակման կամ փախուստի դեպքում ապահովված չէ այցելուների անվտանգությունը
  • Վայրի բնության մեջ մարդ-կենդանիներ հարաբերություններում մարդը գերակա դիրք չունի գիշատիչների և մեծ կաթնասունների նկատմամբ: Որպես կանոն հակառակն է
  • Կենդանուց մարդուն և հակառակը փոխանցվող հիվանդությունները հնարավոր չէ կանխարգելել»։
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում