Օձերի ակտիվության շրջան․ Ինչպե՞ս զգուշանալ և ինչպե՞ս վարվել
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվական հոդված է պատրաստել օձերի ակտիվության և նրանց հետ ճիշտ վարվելու կանոնների մասին։
Օձերն ակտիվանում են ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։ Օձերը սովորաբար դուրս են գալիս իրեն բներից հիմնականում առավոտյան և երեկոյան, իսկ ցերեկային ժամերին պատսպարվում են առավել հով վայրերում։
Ընդհանուր առմամբ օձերը թաքնված կենսակերպ են վարում։
Օձերը նախահարձակ լինող կենդանիներ չեն։ Նրանք կարող են հարձակվել միայն այն դեպքում, երբ իրական վտանգ է զգում կամ երբ մարդը փորձում է վնասել կենդանուն։
ՕՁԻՆ ՀԱՆԴԻՊԵԼԻՍ
1․ Չմատնվել խուճապի
2․ Չանել կտրուկ շարժումներ ու մնալ անշարժ
3․ Չփորձել հարվածել կամ վնասել կենդանուն
4․ Համբերատար սպասել, մինչև օձը պարզապես սողալով կհեռանա
ԹՈՒՆԱՎՈՐ ՕՁԻ ԽԱՅԹՈՑԻ ԴԵՊՔՈՒՄ
Օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ է
1․ Անհապաղ ահազանգել շտապօգնության ծառայություն 103 հեռախոսահամարով կամ շտապել մոտակա բուժհաստատություն
2․ Չզբաղվել ինքնաբուժությամբ
3․ Չկպչել վերքին կամ փորձել ինքնուրույն լուծել խնդիրը
4․ Չանել կտրուկ շարժումներ (թափահարել օրինակ՝ ձեռքը, որն օձը խայթել է)
5․ Օձի խայթոցի դեպքում պարբերաբար ընդունել մեծ քանակությամբ հեղուկ
Ի դեպ, Հայաստանում հանդիպում են 23 տեսակի օձեր, որից թունավոր են միայն 4-ը։ Երևանի տարածքում թունավոր օձերից հանդիպում է Անդրկովկասյան գյուրզան։ Հիմնականում հանդիպում են ոչ թունավոր օձեր։ Եթե ունեք որոշակի գիտելիքներ օձերի տեսակների վերաբերյալ, ապա ոչ թունավոր օձերի խայթոցի դեպքում անհրաժեշտ է վերքը մշակել ձեռքի տակ եղած միջոցներով (ջուր, սպիրտային լուծույթով հեղուկ)։