«Պետք է հեծանիվն էլ ջարդեի, հրացանն էլ ձեռքից վերցնեի․․․»․ Հայկ Ղուկասյանը՝ դաժան դեպքի մասին
Հասարակության շրջանում շարունակում է առանձնանալ կենդանու նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի երկու դրսևորում. մի մասը կենդանու նկատմամբ ցուցաբերում է ջերմ և պատասխանատու վերաբերմունք, մյուս մասը՝ դաժան և երբեմն կենդանատյացության հասնող։ Օրերս համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ քաղաքացին մահացած շանը կապել է հեծանիվից և քարշ է տալիս փողոցով մեկ, բազմաթիվ մարդկանց աչքերի առաջ։
Հատված «Ո՞վ է ուժեղը» հաղորդաշարից
Տեսանյութում երևում է, որ հեծանվորդին կանգնեցնում են մի խումբ քաղաքացիներ և պահանջում ազատ արձակել կենդանուն, ինչին ի պատասխան վերջինս հայտնում է` «հավերիս կերել ա»։ Մտահոգ քաղաքացիների շարքում է նաև պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ընդհանուր մենամարտերի և գրապլինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը, որը մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում պարզաբանեց, որ դեպքը տեղի է ունեցել ավելի քան մեկ տարի առաջ։
«Մենք հաղորդաշար էինք նկարում՝ «Ո՞վ է ուժեղը» հեռուստատեսային նախագիծը և 12 մասերի մեջ մտնում էր գյուղերի բնակչության մարզիկներին նկարելը։ Մի գյուղից մյուսը գնալու ճանապարհին պատահական տեսա՝ հեծանիվով մեկը շանը կապել և քարշ է տալիս։ Իջանք, քանդեցինք, պարզեցինք, որ տան հավերին կերել է, ինքն էլ որպես պատիժ կրակել է շան գլխին մի քանի անգամ ու սատկացրել։ Հետո շանն առանձնացրեցինք, փոս փորեցինք, թաղեցինք... ինքն էլ հեծանիվը քշեց ու գնաց։
Այդ անձնավորությունն էլ ինչ-որ շեղում ուներ․․․ բնակչությանը հարցրեցինք, կողքներս մարդիկ կային կանգնած՝ երիտասարդներ, տարեցներ, շան հետ գործողություններն անելուց առաջ հարցրեցինք, թե ո՞վ էր այս հիմարը, պատասխանեցին՝ «խելքից պակաս է»։ Արմավիրի, Էջմիածնի գյուղերից մեկն էր, կոնկրետ չեմ հիշում, մեկից մյուսը գնալու ճանապարհին էր։ Շանը կապել ու մի գյուղից մյուսն էր քարշ տալիս»,- մանրամասնեց նա։
Հատված «Ո՞վ է ուժեղը» հաղորդաշարից
Հայկ Ղուկասյանը նշեց, որ քաղաքացին ամենայն հավանականությամբ կրակել է «ТОЗ» մակնիշի հրացանով։
Ականատեսը մանրամասնեց․ «Մենք մեքենայի մեջ նկարահանում էինք անում, օպերատորն էլ էր մեզ հետ, երբ տեսա դա, ասացի կանգնեցրու մեքենան ու օպերատորն էլ մեզ հետ դուրս եկավ միանգամից նկարեց։ Իմիջայլոց, ասեմ ձեզ, գյուղերում չի դադարել նման իրավիճակը, կան բազմաթիվ հիմարներ, որ կենդանիների նկատմամբ այդպես են վարվում։ Ես կենդանի շատ եմ սիրում, տարիքով էլ մարդ էր, կլիներ մոտ 70 տարեկան։ Շատ մարդիկ կային անցնում, անգամ չէին էլ նայում, միևնույն էր իրենց համար»։
Տեսանյութն առաջացրել է բազմաթիվ կենդանասերների զայրույթը, քանի որ ցուցադրում է կենդանու նկատմամբ առանձնահատուկ դաժան վերաբերմունք։ Ավելին, փաստացի հոգեպես անառողջ մարդը, որը սպանել և քարշ էր տալիս շանը, հանրային վայրում պարզապես շրջել է հրազենը ձեռքին և կարող է վտանգ հանդիսանալ նաև մարդկանց համար։
Հանգամանքը, որ նշված մարդը եղել է հոգեպես անառողջ, իրատեսական է։ Պատասխանելով մեր հարցին, թե ինչ հոգեբանական խնդիրներ կարող է ունենալ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորող մարդը, հոգեբան Արկադի Մեհրաբյանը նշեց, որ հոգեբանական խնդիրները տարբեր կարող են լինել, բայց այն, որ դրանք կան՝ միանշանակ է: «Ցանկացած դաժան վերաբերմունք, արդեն նշանակում է հոգեբանական լուրջ խնդիրներ, եթե ոչ՝ հոգեբուժական: Ագրեսիան ինքն իրենով և՛ հոգեբանական, և՛ հոգեբուժական, և՛ նյարդաբանական խնդիրներ է ենթադրում: Դա էլ իր հերթին կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ՝ գենետիկ ֆոն, ուղեղի թերհասունացում, դաստիրակաության կոմպլեքսներ և այլն: Եթե անգամ դաժանություն է ցուցաբերվում անշունչ առարկայի նկատմամբ, արդեն խնդիր է ենթադրում»,- ասաց նա:
Տեսանյութը կարող եք դիտել 4-րդ րոպեից։