Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ նախարարության նախագծի առանցքային ուղղություններն են՝
- անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման պահանջը: Oրենքի համապատասխան հոդվածներում նախատեսվել են համապատասխան փոփոխություններ` նպատակաուղղված դրանց պահելու գործընթացն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելուն: Օրենքի նախագծում նախատեսվում է անցումային դրույթներ, որով Օրենքի ընդունումից հետո վայրի կենդանիներ անազատ պայմաններում պահողներին (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) տրամադրվում է 12 ամիս ժամանակ՝ գալու և լիազոր մարմնից դրանց պահման թույլտվություն ստանալու և դրանց հաշվառման տվյալները լիազոր մարմնին տրամադրելու համար։
- Առաջարկվող փոփոխությունների միջոցով նախատեսվում է կարգավորել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման տեսակներին առնչվող Օրենքի համապատասխան հոդվածները՝ օգտագործման գործընթացի կանոնակարգման և վարչարարության նվազեցման նպատակով:
- Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման համար սահմանվել է բացառություն՝ հիմքում դնելով այն կարգավորումը, որով Հարկային օրենսգրքում սահմանվել է դրույթ կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսության իրականացման համար բնօգտագործման վճար չգանձելու՝ հետևաբար օգտագործման այդ ենթատեսակի անվճար լինելու մասին:
- Ելնելով այն հանգամանքից, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության օրնսդրությամբ արգելված է միայն ապօրինի որսը, իսկ որսի օբյեկտ հանդիսացող կամ չհանդիսացող վայրի կենդանիների, դրանց մասերի և արգասիքների, ինչպես նաև դրանք պարունակող կենդանաբանական հավաքածուների վաճառքը, իրացնելու նպատակով ձեռքբերումն ու փոխանակումը առանց ծագման օրինականությունը հաստատող փաստաթղթերի օրենսդրությամբ կարգավորված չէ, ապա նախագծով առաջարկվում է լրացում, որով կնախատեսվի օրենսդրական արգելք վերոնշյալ գործունեության համար, ինչը լուրջ կանխարգելիչ դեր ու նշանակություն կունենա հասարակության, առանձին անհատների համար, ովքեր, օգտվելով օրենսդրական այս բացից, իրենց գործությամբ վնաս են հասցնում շրջակա բնական միջավայրին և պետությանը: Նմանատիպ գործունեության համար նախատեսված պատասխանատվության կիրառումը նաև պատժիչ դեր ու նշանակություն կունենա։ Ակնկալվում է որսի օբյեկտ հանդիսացող կամ չհանդիսացող վայրի կենդանիների, դրանց մասերի, արգասիքների, ինչպես նաև դրանք պարունակող կենդանաբանական հավաքածուների վաճառքի, իրացնելու նպատակով ձեռքբերման ու փոխանակման իրավահարաբերությունները տեղափոխել վերահսկելի և առավել թափանցիկ դաշտ, նվազեցնել կենդանական աշխարհին հասցվող վնասների ծավալները:
- Լրամշակվել են Օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաև մի շարք նոր հասկացություններ, որոնց վերաբերյալ Օրենքում ներառվել են դրույթներ:
- ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով գործող օրենքի նախաբանում «ՀՀ կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է» նախադասությունից հանվել է «բացառիկ» բառը։