Սուրեն Աղաջանյանն իրեն մեղավոր չի ճանաչում. կայացել է 1-ին դատական նիստը
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Սուրեն Աղաջանյանն իրեն մեղավոր չի ճանաչել կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու գործով, սակայն նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված փաստական տվյալներն ու ապացույցներն գնահատվել են բավարար՝ մեղադրական եզրակացություն կազմելու համար: Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում հայտնել է Տավուշի մարզի դատախազության դատախազ, գործով մեղադրող կողմ հանդիսացող Ազատ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի հայտարարության՝ 2019թ.-ի դեկտեմբեր ամսին Սուրեն Աղաջանյանը «Գետափ» ռեստորանային համալիրի բակում, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ, իրեն ամրակցված «ՏՕԶ»-16 մոդելի որսորդական ակոսափող հրազենով կրակել է շան գլխի հատվածին, որը հանգեցրել է կենդանու մահվան: Ընդգծենք, որ 2019թ.-ի դեկտեմբերի 1-ին՝ դեպքի մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո, EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում Սուրեն Աղաջանյանն ընդունել է իր կողմից շանը սպանելու հանգամանքը՝ ասելով. «Այո-այո՛, կատաղած շուն էր, իմ շունն ա կատաղած, որպեսզի էրեխեքին հասարակական վայրում բան չանի, վերացրել ենք»:
Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից գործը մեղադրական եզրակացությամբ ստանալուց հետո՝ մանրակրկիտ ուսումնասիրվել է և որոշում կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար:
Դատական նիստը երեք անգամ (հունվարի 29, փետրվարի 14, փետրվարի 24) հետաձգելուց հետո 2020թ.-ի մարտի 6-ին կայացել է գործով առաջին դատական նիստը: Դատախազ Ազատ Մարգարյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց. «Սահմանված կարգով նիստն ընթացել է, հասել ենք ապացույցների հետազոտման փուլին: Ըստ մեղադրական եզրակացության՝ դատակոչված են երկու վկաներ, սակայն պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել ևս երեք վկաներ հրավիրելու վերաբերյալ: Սույն միջնորդության վերաբերյալ մեղադրանքի կողմից ներկայացվել են առարկություններ, առաջինը, որ պաշտպանության կողմից հրավիրվելիք վկաներն դեպքին ականատես չեն եղել, նրանց մեջ կա անձ, որ հանդիսանում է «Գետափ» ռեստորանային համալիրի աշխատակից և աշխատանքային հարաբերությունների բերումով որոշակի կախվածություն ունի ամբաստանյալից, մյուս անձանց մասով էլ հիմնավորումներում նշվել է, որ նրանք պետք է հայտնեն իրենց ենթադրյալ կարծիքներն շան, նրա վարքագծի վերաբերյալ: Բացի այդ, շահարկվում է այն հանգամանքն, որ իբր շունը չի մահացել և այդ մասին տեղեկատվություն հայտնողը ասում է, որ այդ մասին լսել է խոսակցություններից: Աղբյուրը չբացահայտված տեղեկատվությունը չի կարող գնահատվել որպես ապացույց: Այս հիմնավորումներով մեղադրանքի կողմն առարկել է պաշտպանության կողմի միջնորդության դեմ, սակայն դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունը»:
Ուշագրավ է նաև, որ սա Քրեական օրենսգրքի 258.2 հոդվածով (Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը) առաջին դատական գործն է:
Դատախազը նշեց նաև, որ վերոնշյալ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից տրամադրված ձայնագրության անհրաժեշտությունը շատ մեծ է եղել, ճանաչվել է որպես ապացույց և կցվել է գործին, ներկայացվելու է դատարանում և հետազոտվելու է:
Վերջինս նշեց, որ պաշտպանի կողմից երկու հարց է առաջ քաշվում. «Ըստ մեղադրանքի կողմի առաջադրված մեղադրանքը ամբողջովին հիմնավորված է ձեռք բերված ապացույցներով, որոնք կհետազոտվեն դատաքննության ընթացքում: Ըստ մեղադրանքի կողմի շանը սպանելու պահին կամ դրանից անմիջապես առաջ բացակայել են հանգամանքները, որոնք օրենքի ուժով թույլ կտային ամբաստանյալին իր կամ որևէ այլ անձի կյանքին սպառնացող իրական և անմիջական վտանգը չեզոքացնելու համար սպանել շանը»:
Ազատ Մարգարյանը եզրափակեց՝ ասելով, որ պաշտպանի կողմից առաջ քաշված հարցերի վերաբերյալ կատարվել է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվել են ինչպես մեղադրող այնպես էլ արդարացնող բոլոր տեղեկություններն օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու և գնահատականի արժանացնելու ուղղությամբ: