Գագիկ Ծառուկյանի վագրերը «փախել» են (ֆոտո, տեսանյութ)
ՀՀ-ում անազատության մեջ պահվող վայրի կենդանիները շարունակվում են օգտագործվել որպես զվարճանքի միջոց, քանի որ բացակայում են խիստ կարգավորող իրավական նորմերը և չկա պատշաճ վերահսկողություն խնդրի նկատմամբ:
Այս անգամ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ուշադրության կենտրոնում է հայտնվել մի երիտասարդ «ինստագրամահայուհի», որը կենդանուն օգտագործում է որպես «դեկորացիա» և զվարճանքի միջոց: Հանրային բաց համացանցային տվյալների ուսումնասիրության /lilushik551official/ արդյունքում հայտնաբերում ենք լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ վզկապով հզոր գիշատիչ կենդանու՝ բենգալյան վագրի ձագն օգտագործվում է իբրև ֆոտոսեսիայի գրավիչ աքսեսուար: Ակնհայտ է, որ տեսանյութերում կենդանին դրսևորում է անհանգիստ վարք:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկություններով երիտասարդ աղջկա «խաղալիքը» ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին է «պատկանում», ավելի ճիշտ՝ վերջինիս «պատկանող» գիշատիչների նոր սերունդն է՝ ծնված «Ծառուկյանի օջախում»:
Առհասարակ, Գագիկ Ծառուկյանին «պատկանող» կենդանիների թվաքանակի և տեսականու մասին արդեն վաղուց են «լեգենդներ» հյուսվում, ուստի ոլորտի լիազոր մարմնի /Շրջակա միջավայրի նախարարություն/ ղեկավար Էրիկ Գրիգորյանից խնդրեցինք տրամադրել տվյալներ պարոն Ծառուկյանի կողմից «խնամվող» կենդանիների մասին: Բնականաբար, Շրջակա միջավայրի նախարարությունը չի տիրապետում նման տեղեկատվության, քանի որ այս տարիների ընթացքում ոչ մի անգամ չի իրականացրել, ինչպես և մոտ ապագայում չի պատրաստվում իրականացնել, ՀՀ օրենքով սահմանած իր պարտականությունները:
Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված գրությամբ ասվում է. «Քաղաքացի Գագիկ Ծառուկյանը գրանցված չէ «Հայաստանի Հանրապետության տարածքում նմուշների տիրապետող, անազատ պայմաններում վայրի կենդանիներ բուծող և արհեստական պայմաններում վայրի բույսեր աճեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառելու» ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում:
2015-2019 թվականների ընթացքում քաղաքացի Գագիկ Ծառուկյանին տրամադրվել է ՀՀ տարածքից Բելարուսի Հանրապետություն վերաարտահանման թույլտվություն՝ 4 առանձնյակ Panthera leo տեսակի առյուծի համար»:
Ի դեպ, ըստ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների՝ վերջերս Գագիկ Ծառուկյանի «օջախում», որտեղ պահվում են տարատեսակ կենդանիներ /դրանց տեսակային և քանակային կազմն անհայտ է/ արտառոց և վտանգավոր միջադեպ է տեղի ունեցել: Պատգամավորի կողմից պահվող գիշատիչներին հաջողվել է դուրս գալ վանդակներից՝ ստանալով ժամանակավոր ազատություն: Բարեբախտաբար միջադեպը «դրական» ավարտ է ունեցել և չեն վնասվել ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները: Օգնության հասած մասնագետներին հաջողվել է կենդանիներին վանդակ վերադարձնել: Միջադեպը հերթական ազդակն է, որ նշված ոլորտում առկա անկառավարելի, անվերահսկելի և ամենաթող իրավիճակը լի է բազմաթիվ վտանգներով:
Մեր հարցադրմանը, թե տիրապետում է արդյո՞ք Շրջակա միջավայրի նախարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող մասնավոր տարածքներում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների մասին ամբողջական տեղեկատվության, ստացել ենք վերոնշյալ ոչ լիարժեք պատասխանը: Ավելի վաղ, նույն գերատեսչությունը մեկ այլ գրավոր հարցադրմանը պատասխանել է. «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 27.1. հոդվածի 5-րդ մասով նախատեսված անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառում չի իրականացվել։ Այն իրականացվում է վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված տարածքներում։ Բնապահպանության նախարարությունն անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու դիմումներ չի ստացել»:
Ուստի, ՀՀ տարածքում անազատ և կիսաազատ պայմաններում պահվող բոլոր, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին «պատկանող» կենդանիները, պահվում են ապօրինաբար՝ առանց անհրաժեշտ օրինական հիմքերի: Ստեղծված իրավիճակի առաջին ու հիմնական պատասխանատուն հենց Շրջակա միջավայրի նախարարությունն է, որն այսքան տարիների ընթացքում, ինչպես նաև նախարար Էրիկ Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում չի կատարել օրենքով սահմանված իր լիազորությունները ու պարտականությունները:
Վերոնշյալ գործընթացների օրինականությունը վերահսկող Կառավարությանն առընթեր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ևս չի կատարում օրենքով սահմանված իր պարտականությունները, ինչի մասին վկայում են EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ: ԲԸՏՄ կողմից վերոնշյալ անգործությունը երբեմն հետևանք է արդեն իսկ անազատ կամ կիսաազատ պայմաններում գտնվող վայրի կենդանիների ապօրինի պայմաններից այլ կացարան տեղափոխելու անհնարինության, քանի որ ՀՀ տարածքում առկա է միայն մեկ պետական /համայնքային/ կենդանաբանական այգի, որի ռեսուրսներն ու կարողությունները սահմանափակ են:
ՇՄՆ գրությամբ նաև ասվում է. «Ներկայումս քննարկման փուլում է գտնվում ««Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որտեղ փոփոխություն է նախատեսվում նաև 27.1 հոդվածում, համաձայն ինչի անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառումն իրականացվելու է դրանց պահելու թույլտվություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից և հաշվառման տվյալները տրամադրվելու են լիազորված մարմնին»:
Այսինքն, ըստ նախատեսվող փոփոխությունների՝ նախարարությունը ցանկանում է հրաժարվել պարտադիր հաշվառման պարտականությունից՝ այն թողնելով կենդանու խնամակալի «բարեխղճության» հույսին:
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ գործող օրենքի հոդված 21-ը սահմանում է. «Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումն ու դրանց պահումն անազատ պայմաններում կամ վերաբնակեցումն ազատ պայմաններում իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման»:
Այնուհետև «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 27.1-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու կարգը.
1. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը: Փախուստը բացառելու և մշտական վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալված օղակավորվում են»։
Նշված պարագայում խախտված են կենդանու կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառված չէ պահելու վայրից կենդանիների փախուստը, ինչը և տեղի է ունեցել:
Հոդված 27․2-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը.
1. Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»։
Նշված դեպքում վայրի կենդանիներ պահելու նպատակը չի կարող համապատասխանել օրենքով սահմանված նպատակներից և ոչ մեկին։
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: