Ահազանգ. Ոստիկանը՝ ապօրինի և դաժան շնամարտերի մասնակից (տեսանյութ)
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:
ՀՀ-ում շարունակում է անվերահսկելի մնալ շների մարտերի իրականացման գործընթացը։ ՀՀ իրավական նորմերով շնամարտերի անցկացումն արգելվում է, սակայն, հաշվի առնելով վերահսկողության գրեթե հիմնովին բացակայությունը, իսկ որոշ դեպքերում վերահսկող մարմնի՝ ոստիկանության աշխատակիցների մասնակցությունը գործընթացին, իրավիճակն առավել հստակ է դառնում։
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:
Համացանցային բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել ենք տեսանյութ, որտեղ ոստիկանները ևս մասնակցում են շների փողոցային մարտերին՝ ոչ միայն չկանխագելելով տեղի ունեցող ապօրինությունը, այլև՝ նպաստելով դրան։
Տեսանյութը համացանց է բեռնվել 2019թ.-ի մարտ ամսին «ГАМПР ГАМПР» օգտատիրոջ կողմից։ Վերջինս շների մարտերից տեսանյութեր է բեռնում սկսած 2017թ.-ից: Վերլուծելով բաց համացանցային տվյալները՝ ակնհայտ է դառնում, որ վերջինս զբաղվում է նաև շների բուծմամբ ու վաճառքով: Թեև մեզ անհայտ են օգտատիրոջ անունն ու ազգանունը, այնուամենայնիվ վերջինս հավանաբար հանդիսանում է Այգաբաց գյուղի բնակիչ, որը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում:
Շիրակի մարզը, մասնավորապես՝ Արթիկ համայնքը, հայտնի է որպես շների մարտերի կազմակերպման «կենտրոն»:
Ուշագրավ է նաև ստորև ցուցադրվող լուսանկարը, որտեղ տեսանյութի «հերոսի» հետ շնամարտերի «ականավոր կազմակերպիչ», պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանն է: Հաջորդ լուսանկարից պարզ է դառնում, որ կառուցվել է շնամարտերի անցկացման «ռինգ», որտեղ շները կռվում են /2019թ., մարտ ամիս/:
Մուշեղ Միրիջանյանը, իհարկե, իր կողմից կազմակերպվող միջոցառումներն այլ կերպ է անվանում, ասել է թե՝ «թեստավորում», սակայն ինչպես ցուցադրում է տեսանյութը և այլ բազմաթիվ ապացույցներ՝ դա ոչ այլ ինչ է, քան հասարակ շնամարտ:
Մուշեղ Միրիջանյանը Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչն է, ով նաև համատեղությամբ ղեկավարում է համալսարանական Թիվ 1 հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքը, 2015թ.-ից Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահն է, 2016թ.-ից նաև ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է համարվում: Այս ամենի հետ մեկտեղ վերջինիս կիրքը շուն կռվացնելն է՝ «թեստավորելը»:
Մուշեղ Միրիջանյանի որդին դարձյալ մասնագիտությամբ բժիշկ Գագիկ Միրիջանյանն է: Վերջինս պետական ապարատում տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ սկսած փոխնախարարից մինչև մարզպետ. հեղափոխությունից հետո ԲՀԿ քվոտայով Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, ապա՝ ԵՊԲՀ-ի ռեկտորի խորհրդական:
Ընդգծենք, որ շնամարտերի անցկացումը ՀՀ տարածքում արգելված է միաժամանակ երկու իրավական նորմով։ ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 258.2 /Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը/ հստակ սահմանում է. «1․ Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) առանձին դաժանությամբ,
3) մանկահասակի ներկայությամբ,
4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով»:
Միևնույն ժամանակ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքը սահմանում է․ «Հոդված 35. Կենդանիների բարեկեցությունը պահպանելու գործում անձանց պարտականությունները և սահմանափակումները ․․․
2. Արգելվում է` ․․․
3) կռիվների կամ ներկայացումների համար կենդանիների օգտագործումը, որի արդյունքում կենդանին կարող է տանջվել, սպանվել կամ ստանալ կենսագործունեությանը սպառնացող վնասվածք.
4) կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը»։
Փաստացի՝ պնդումները, որ շնամարտերը կամ այսպես կոչված «թեստավորումը» իրականացվում է ՀՀ իրավապահ մարմինների «հովանու ներքո», ապացուցվում են: «Թեստավորում» երևույթը, որն անդադար շահարկվում է դրա մասնակիցների կողմից, ոչ այլ ինչ է, քան հասարակ շնամարտ, ինչպես նաև՝ կենդանիների բուծման, առք ու վաճառքի շատ եկամտաբեր բիզնես, որն ինչ-որ «մութ» սխեմայով տարածվում է նաև երկրից դուրս, իսկ ՀՀ պետական մարմինները գաղափար չունեն տեղի ունեցողի մասին կամ պարզապես աչք են փակում ամենի վրա:
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: