«Շնացած գայլը»՝ Երևանում. ինչպես են մարդու կողմից «այլասերվում» բնության արժեքները (տեսանյութ)

Հայաստանում շարունակվում են արձանագրվել մասնավոր տարածքներում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների դեպքեր, որոնք ոչ միայն չունեն ոչ մի օրինական հիմք և ամբողջովին ապօրինի են, այլև սպառնում են հասարակության անվտանգությանը: Նման դեպքի մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, Երևանի ավանագանու անդամներ՝ Օվսաննա Հովսեփյանը, Սերգեյ Ապրեսյանը և Կարինե Բաղդասարյանն օրերս ահազանգ ստացան: Քաղաքացին հայտնում էր, որ Բարեկամության մետրոյի կայարանի ետնամասում, փոքր վանդակի մեջ գայլ է պահվում: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, ինչպես նաև՝ ահազանգ ստացածավանագանու անդամները միասին այցելեցին նշված տարածք պարզելու համար անհրաժեշտ մանրամասներ: 

Բարեկամության մետրոյի կայարանի վարչական շենքի ետնամասում հայտնաբերվեց կենդանին, որն արտաքին զննությամբ գայլ էր, այնուամենայնիվ՝ երկար ժամանակ չէր հայտնաբերվում կենդանու «խնամակալը/սեփականատերը»: Կենդանին վզկապով էր, մարդամոտ, դրսևորում էր ընտելացված շան վարք, սակայն վանդակը, որտեղ պահվում էր ակնհայտ փոքր էր, չէր համապատասխանում ՀՀ կառավարության N 725-Ն /որի իրավաչափ լինելը վիճելի է/ որոշմամբ սահմանված նորմերին: Գայլը դրսևորում էր անհանգիստ վարք, արդեն իսկ վնասել էր վանդակի փայտե հատակը, իսկ երկու ոտքերի վրա կանգնելու դեպքում, կենդանու գլուխը դիպչում էր վանդակի առաստաղին: Փաստացի, պահպանված չէին կենդանու բարեկեցության համար անհրաժեշտ անգամ նվազագույն պայմանները: 

Տարածքում գործունեություն ծավալող մարդկանցից տեղեկացանք, որ նշված վանդակն ու կենդանուն այստեղ ընդամենը մի քանի օր է, ինչ տեսնում են: Պարզվեց, ավելի վաղ կենդանին պահվել է հարևանությամբ գտնվող ավելի վատ պայմաններ ունեցող և նվազ տեսանելի տարածքում, որն ավիրված էր, պատը փորված. ակնհայտ է, որ կենդանին փորել է պատը՝ այնտեղից դուրս գալու նպատակով, ինչից հետո հավանաբար տեղափոխվել է նոր վանդակ: 

Քանի որ ստեղծված իրավիճակն առաջին հերթին հանդիսանում է հասարակական կարգի խախտում և առաջացնում է հանրային անվտանգության ապահովման խնդիր, ինչպես նաև կենդանին պահվում է ապօրինի կերպով և ոչ բարեկեցիկ պայմաններում, ներկաները դիմեցին իրավապահ մարմիններին՝ ահազանգելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և ՀՀ ոստիկանություն: 

Որոշ ժամանակ անց հայտնվեց կենդանու «խնամակալ» Արթուր Ավետիսյանը, որն ըստ սեփական խոսքերի՝ տեղի սրճարանի տնօրենն է և առևտրային համալիրի անվտանգության պետը: Վերջինս պնդում էր, որ կենդանին իր «շունն» է և տարածքում պահվում է իր կողմից: 

Ներկաները ժամեր շարունակ կենդանու «խնամակալին» փորձում էին համոզել, որ իր «շունն» իրականում գայլ է: Արթուր Ավետիսյանը մեզ հետ զրույցում մի քանի անգամ տվեց հակասական տեղեկատվություն. մեկ կենդանուն գտել էր Իջևանից, մեկ՝ նվեր ստացել, մեկ կենդանին շուն էր, մեկ՝ շան և գայլի խառնուրդ և այլն: 

Խնդրին լուծում տրվեց ահազանգով ժամանած ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ոստիկանների միջամտությամբ: Վերջիններիս միջամտությամբ տարածք հրավիրվեցին երկու մասնագետներ՝ Երևանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքի բաժնի համակարգող Արտյոմ Մակարյանը և «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ գլխավոր կենդանաբույժ Միհրան Լազյանը: Մասնագետներն արտաքին զննությամ՝ հաշվի առնելով կենդանու անատոմիական առանձնահատկությունները, միանշանակ պնդեցին, որ վանդակում գայլ է: 

Ընդգծենք, որ նշված ժամանակահատվածում բազմաթիվ անգամներ ահազանգել ենք ԲԸՏՄ թեժ գիծ, ինչպես նաև զրուցել ենք ԲԸՏՄ Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանի հետ, սակայն տարածք չի մոտեցել ոչ մի տեսուչ: Ավելին՝ մեզ հետ զրույցում ԲԸՏՄ աշխատակիցները հավաստիացնում էին, որ հայտնաբերված կենդանին հովվաշուն է: Փաստացի, առանց անգամ տարածք այցելելու ԲԸՏՄ տեսուչներն իրենց պարտականությունները համարել են կատարված և հավանաբար վստահել են գայլի «խնամակալի» անկեղծ պնդումներին և երդումներին: 

Ուշագրավ է, որ գայլի «խնամակալ» Արթուր Ավետիսյանը չէր տիրապետում թե ընտանի, թե անազատ պայմաններում վայրի կենդանի պահելու համար նախատեսված ոչ մի օրինական փաստաթղթի: Սակայն, եթե պետական իրավասու մարմինը, այս դեպքում՝ ԲԸՏՄ հարկ չի համարել կատարելու օրենքով սահմանված իր պարտականությունները՝ գալ ահազանգի հետքերով և ստուգել անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ապա քաղաքացու վարքն ինքնին հասկանալի է դառնում: 

Նշենք, որ ըստ տեղի բնակիչների վկայությունների և գայլի «խնամակալ» Արթուր Ավետիսյանի խոսքերի՝ գայլը մշտապես չի գտնվում վանդակում, այլ դուրս է գալիս, զբոսնում է, շփվում այլ կենդանիների և մարդկանց հետ: Հերթական անգամ արձանագրենք, որ պատշաճ օրենսդրական կարգավորումների և վերահսկողության գրեթե բացակայության հետևանքով ստեղծվել է վտանգավոր իրավիճակ առաջին հերթին տարածքում բնակվող և աշխատող մարդկանց համար, քանի որ շնացած գայլը դեռ շուն չէ, այլ վտանգավոր գիշատիչ կենդանի է, որի ազատ տեղաշարժը դրա համար չնախատեսված վայրում կարող է ճակատագրական լինել որևէ մարդու կամ հենց կենդանու համար:  

Թեպետ գայլի «խնամակալ» Արթուր Ավետիսյանն այդպես էլ չհամոզվեց այդ պարզ իրողության մեջ, այնուամենայնիվ Արաբկիրի բաժնի ոստիկանների ճշգրիտ գործողությունների արդյունքում կենդանին տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի, որտեղ կստանա հետագա մասնագիտական խնամք: 

Ընդգծենք, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում առկա հոդվածներից մի քանիսն անգամ լիովին բավարար են ՀՀ-ում անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների խնդիրը լուծելու համար: Այն, որ խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում Կառավարության կամքի և բավարար միջոցների բացակայության հետևանք է: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտորեն անտեսվում են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի դրույթները, իսկ ՀՀ ոստիկանության աշխատակիցները հաճախ չեն տիրապետում մասնագիտական տեղեկատվության և իրավական նորմերին: 

Նախ, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ը սահմանում է. «Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումն ու դրանց պահումն անազատ պայմաններում կամ վերաբնակեցումն ազատ պայմաններում իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման»: 

Այսինքն, անհրաժեշտ է լիազորված մարմնի /Շրջակա միջավայրի նախարարություն/ թույլտվություն: Ավելի վաղ ՇՄՆ-ը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է՝ «Նախարարությունն անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու դիմումներ չի ստացել»: Ելնելով վերոգրյալից փաստենք՝ ՀՀ բոլոր մասնավոր տարածքներում վայրի կենդանիներն անազատ պայմաններում ապօրինաբար են պահվում: 

Այնուհետև «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 27.1-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու կարգը.

1. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը: Փախուստը բացառելու և մշտական վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալված օղակավորվում են»։

Նշված պարագայում խախտված են կենդանու կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառված չէ պահելու վայրից կենդանիների փախուստը:

Հոդված 27․2-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը.

1. Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»։

Նշված դեպքում բնակելի հանրային տարածքում գայլ պահելու նպատակը չի կարող համապատասխանել օրենքով սահմանված նպատակներից և ոչ մեկին։

Ուստի, առկա են բոլոր օրինական հիմքերը նման իրավիճակներին մեկնդմիշտ լուծում տալու համար, սակայն ԲԸՏՄ տեսուչներն անգամ չեն եկել ահազանգի հետքերով պարզելու համար կենդանին գայլ է, հովվաշուն թե՞ փիղ: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, ինչպես նաև կենդանիների պաշտպանության ոլորտում մեզ գաղափակից կազմակերպություններն ու անհատները մշտապես դեմ են արտահայտվել մասնավոր տարածքներում վայրի կենդանիների պահմանը մի շարք պատճառներով: 

Նշված դեպքում, կենդանին գրեթե ամբողջությամբ կորցրել է իր առաջնային բնազդները և վերածվել է «շնացված գայլի»: Մարդու կողմից, որպես բանական և գիտակից էակի, նման քայլի իրականացումը ոչ այլ ինչ է, քան՝ այլասերում... ինչ-ինչ հանգամանքներից ելնելով այլասերվում են բնության արժեքները, կենդանին դուրս է մղվում իր բնական միջավայրից և դառնում մարդու ձեռքում խաղալիք՝ անհայտ ճակատագրով և ապագայով, միայն նրա համար, որ մարդը կարողանա պարծենալ վայրի կենդանուն սանձելու մոլուցքով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում