Պաշտոնյայի եղբայրը էգ գայլ է վաճառում (տեսանյութ)

Հայաստանյան առցանց վաճառքի կայքերում իրավիճակը շարունակվում է անկառավարելի և անվերահսկելի մնալ: Նման կայքերում կարելի է ձեռք բերել կենդանի կենդանիներ, արգասիքներ, խրտվիլակներ, որոնք ազատ և անթաքույց առք ու վաճառքի առարկա են հանդիսանում: Գործարքները չեն կարգավորվում ոչ միայն օրենսդրական ակտերով, այլ անտեսվում են նաև իրավապահ մարմինների կողմից: Կենդանիների առք ու վաճառքի գործարքներն ամբողջությամբ անվերահսկելի են, քանի որ ոլորտը բացարձակ չի կարգավորվում ոչ մի իրավական նորմով և դուրս է վերահսկողությունից: 

Նման պայմաններում ՀՀ-ում ընտանի և/կամ անազատության մեջ պահվող վայրի կենդանիների բարեկեցության մասին բարձրաձայնելուց զատ, առաջ է գալիս նաև հանրային անվտանգության խնդիր, որը նաև հղի է անկանխատեսելի հետևանքներով, առավել ևս, երբ խնդիրն առաջացնողը հենց ոլորտի ներկայացուցիչ է: 

Նշված կայքերում հաճախ կարելի է հանդիպել ապօրինի գործողությունների մասին վկայող բազմաթիվ հայտարարությունների: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ ահազանգում և իրավապահ մարմիններին է ներկայացնում փաստեր այդպիսի դեպքերի մասին: Նշված կայքում այս անգամ վաճառվում են էգ գայլի առանձնյակ: 

Վաճառողը Դավիթ անունով օգտատերն է, Էրեբունի վարչական շրջանից, իսկ կենդանու վաճառքի գինը նշված է 200 հազ. դրամ: 

«Գայլը Ղափանում ա, քուրիկ ջան: Կարամ վայբերին վիդեոներ ուղարկեմ, տենաք էլի ինչքան ա մարդամոտ: Գել ա էլի, վսյոտկի, իմ համար վտանգավոր չի, բայց դե մի քիչ զգուշությունը լավ բան ա: Ես հանում եմ դուրս, բայց նենց չի էլի, որ կարաք մի հատ ժինջիլ քցեք, հանեք, ման տաք, մարդամոտ ասելով էն ի նկատի ունեմ, որ չի կծում: Արդեն մոտ 4 տարեկան ա, 20 օրականից պահում եմ»,- հավանական հաճախորդի հետ զրույցում ասաց վաճառողը:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ վաճառողը Դավիթ Գաբրիելյանն է՝ գործող կենդանաբույժ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիեյանի եղբայրը:  

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը մշտապես դեմ է արտահայտվել ՀՀ-ում մասնավոր տարածքներում անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելուն, քանի որ դաշտը պատշաճ կերպով չի կարգավորվում իրավական ակտերով, ինչպես նաև՝ առկա չէ ոլորտի նկատմամբ վերահսկողություն: 

Ինչպես երևում է տեսանյութում, գայլը՝ հանդիսանալով գիշատիչ կենդանի, ազատորեն շրջում է տարածքում, շփվում մեկ այլ կենդանու՝ շան հետ: Թեպետ, ըստ մեր զրուցակցի՝ կենդանին արդեն 4 տարի է պահվում է մարդու կողմից, այնուամենայնիվ գայլը հանդիսանում է գիշատիչ կենդանի, իսկ ազատ շրջող գայլը՝ հանրային անվտանգության և հասարակական կարգի խախտման խնդիր է: Գայլի նշված առանձնյակը կարող է վտանգ ներկայացնել թե մարդկանց, թե տարածքում առկա այլ կենդանիների համար, իսկ որևէ խնդրի առաջացման պարագայում անհայտ է, թե ինչ միջոցներ են կիրառվելու կենդանու նկատմամբ՝ վտանգը չեզոքացնելու նպատակով: 

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնությունը և բազմաթիվ այլ անհատներ ու կազմակերպություններ կրկին անգամ հրավիրում են ՀՀ օրենսդիր և իրավապահ մարմինների ուշադրությունը վերոնշյալ խնդրի ուղղությամբ՝ հորդորելով գործնական քայլեր ձեռնարկել ՀՀ-ում կենդանիների առք ու վաճառքի գործընթացը կանոնակարգելու ուղղությամբ, իսկ առցանց վաճառքի նման կայքերի պատասխանատուներին հորդորում ենք լինել առավել հետևողական և թույլ չտալ կայքերում նման ապօրինի գործողությունների մասին վկայող հայտարարությունների հրապարակումը: 

Բացի առք ու վաճառքի անվերահսկելի կարգավիճակը, այս պարագայում առաջ է գալիս նաև վայրի կենդանիներին անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելու խնդիրը, քանի որ կենդանին 4 տարի պահել է անազատ պայմաններում, իսկ այժմ «տիրապետողը» որոշել է վաճառել կեդանուն: 

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի, հոդված 27.1-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը»:

Հոդված 27.2-ի առաջին կետը սահմանում է. «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»: 

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է կենդանուն անազատ պայմաններում պահելու թույլտվության անհրաժեշտություն, որը պետք է տրվի լիազոր մարմնի կողմից: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը բազմիցս հայտնել է, որ այս տարիների ընթացքում ոչ մի անգամ չի տրամադրվել նման թույլտվություն: Բացի այդ՝ խախտված են նաև սույն օրենքի մի շարք հոդվածներ:

Փաստ է, որ նշված, ինչպես նաև մյուս բոլոր դեպքերում, կենդանին պահվում է ապօրինաբար: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում