Քայլ ընդդեմ պլաստիկի Գորիսում (ֆոտո)

Նոյեմբերի 12-ին Գորիսում անցկացվեց բնապահպանական քայլարշավ-աշխատաժողով։ ԵՄ համաֆինանսավորմամբ և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Երիտասարդների քայլը հանուն մաքուր Գորիսի» ծրագրի շրջանակում անցկացվող միջոցառման նպատակն էր բարձրացնել Գորիսի և Վարարակն գետի աղտոտվածության վերաբերյալ բնակիչների իրազեկության աստիճանը, ոլորտի դերակատաների հետ տեղում դիտարկել առկա խնդիրներն ու միասին քննարկել դրանց լուծմանն ուղված տարբերակները:

Հակապլաստիկ միջոցառումը կազմակերպել էր «Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ-ն, որը նաև ժամանակին Վարարակն գետը պլաստիկից մաքրելու նպատակով Գորիսում ստեղծել և այսօր էլ գործարկում է պլաստիկի վերամշակման սոցիալական ձեռնարկություն-արտադրամաս։

Միջոցառմանը մասնակից Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, ՏԻՄ ներկայացուցիչները, ոլորտի փորձագետները, դպրոցականները, երիտասարդներն ու ակտիվ քաղաքացիները քայլերթով անցան Վարարակն գետի երկայնքով, բաժանեցին պլաստիկ թափոնների վտանգի և աղբի տեսակավորման կարևորության մասին հուշող թռուցիկներ։ Քայլերթի ընթացքում պաշտոնապես բացվեցին նաև ծրագրի շրջանակում Վարարակն գետի երկայնքով տեղադրված իրազեկող ցուցանակները և պլաստիկ թափոնների համար նախատեսված 10 նոր աղբամանները: Պլաստիկի համար նախատեսված աղբամանի մեջ նետվեցին առաջին, խորհրդանշական պլաստիկ թափոնները։

«Գորիս համայնքը արժանացել է 2019 թվականի «Տարվա լավագույն համայնք» անվանակարգով մրցանակի: «Մաքուր Գորիս» ՀԿ-ն իր լուման ունի այդ գործում , որովհետև համայնքում գործող այն ՀԿ-ներից է, որ ապրում է նրա մաքրության ու բնապահպանական խնդիրների լուծմամբ»,- ասաց Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:

Քայլերթից հետո երիտասարդ բնապահպաններն այցելեցին «Պլաստիկից՝ պլաստիկ» արտադրամաս՝ ծանոթանալով սոցիալական ձեռնարակութան աշխատանքներին և քննարկեցին պլաստիկի վերամշակման զարգացման հնարավորությունները։

«Այսօր արդեն բնապահպանական խնդիրների մասին խոսելը բավարար չէ, մեզանից յուրաքանչյուրն իր տեղում իր գործով ու առօրյա կենցաղով պետք է առնվազն չխորացնի առկա խնդիրները։ Հույս ունենք, որ տեղադրված ցուցանակները կմեծացնեն մեր քաղաքի գետի մաքրության մասին մտածող և աղտոտվածությունը կանխարգելող գորիսցիների թիվը, իսկ աղբամանները կօգնեն այդ գործում»,- նշեց «Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ-ի նախագահ, վերամշակման արտադրամասի ղեկավար Նարեկ Մկրտչյանը։

Շրջայցից հետո քննարկումները շարունակվեցին աշխատաժողովի շրջանակում։ «Մաքուր Գորիս» ՀԿ-ի պատանի բնապահպանները ներկայացրին Վարարակն գետի աղտոտվածության առնչվող իրենց մոնիթորինգի արդյունքում արձանագրած խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված իրենց առաջարկությունները։

Քայլարշավ-աշխատաժողովն իրականացվում էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի «Երիտասարդների քայլը հանուն մաքուր Գորիսի» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում