Գյումրիում առանձնակի դաժանությամբ խեղված շունը ծանր վիճակում է (ֆոտո)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: 

Հայաստանում շարունակվում են արձանագրվել կենդանիների նկատմամբ ցուցաբերված առանձնահատուկ դաժանությամբ դեպքեր։ Ուշագրավ է, որ վերջին շրջանում ահազանգերը մեծամասամբ հնչում են Գյումրի քաղաքից։ 

Այս անգամ քաղաքացին ահազանգում է ծանր վիճակում գտնվող կենդանու մասին, որը միայն արտաքին զննությամբ արդեն սարսափ է առաջացնում։ 

«Դինգո թիմ» ՀԿ ջանքերով կենդանին տեղափոխվել է Երևան, որտեղ նրան ցուցաբերվել է կենդանաբուժական օգնություն։ Ըստ առկա նախնական տեղեկատվության՝ դժվար է հստակ նշել, թե ինչ է տեղի ունեցել կենդանու հետ, սակայն այն, որ սա իրականացված է մարդու միջամտությամբ գրեթե անհերքելի է։ Կենդանին աջակողմյան հատվածից ստացել է խորը և ծանր վնասվածքներ, հավանաբար ինչ-որ քիմիական նյութից։ Շան դիմածնոտային հատվածում վնասվածքներն այնքան խորն են, որ տեսանելի են նրա ատամները։ Կենդանին այժմ գտնվում է կենդանաբուժական կլինիկայում, վիրահատվել է։ 

Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումները չեն դադարում։ Կենդանիների պաշտպանության ոլորտում իրավիճակն առայժմ շարունակում է կանոնակարգվել միայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի մեկ հոդվածով։ Այժմ գործում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը սահմանող հոդվածը։

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:  

Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած Քրեական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը, որով պատգամավորներն առաջարկում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնել: Օրենքի նախագիծը, սակայն, դեռ իրավական ուժ չի ստացել և չի կիրառվում։ 

Ընդգծենք նաև, որ բացի վերոնշյալ նախագիծը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից մշակվում է նաև կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը սահմանող օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ոլորտի կարգավորման ավելի լայն շրջանակներ սահմանել։ 

Իսկ մինչ այդ, ՀՀ տարբեր մարզերում շարունակվում են կենդանիների նկատմամբ դրսևորվող ապօրինի գործողությունները, որոնց պատճառով նաև մարդիկ են տուժում․վերջերս բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով հրազենի ապօրինի կիրառման միջոցով կենդանու վրա կրակելու փոխարեն քաղաքացին կրակել և վնասել է մեկ այլ քաղաքացու։ 

Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվող կենդանիների սպանդի և դրսևորվող դաժան վերաբերմունքի ֆոնին անգործություն է դրսևորում նաև ՀՀ ոստիկանությունը։ Որոշ դեպքերում, ըստ վկայությունների, նշված գործողություններին նաև մասնակցություն են ունենում ոստիկանության աշխատակիցներ։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից բարձրաձայնված և ոչ մի ահազանգ ՀՀ ոստիկանության կողմից չի արժանացել պատշաճ արձագանքի և քննության, դաժան վերաբերմունքի ոչ մի դրսևորում չի պատժվել օրենքի ուժով։ 

Կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքը վկայում է «հիվանդ» հասարակության մասին։ Ինչպես մեզ հետ զրույցում նշել է հոգեբան Իրինա Ծատուրյանը՝ այն մարդիկ, ովքեր առհասարակ տանջում են կենդանիներին, նորմալ չեն: «Դա խոսում է նրա հոգեվիճակի ծայրաստիճան բացասական լինելու մասին: Այդ դաժանությունը կենդանու նկատմամբ խոսում է նաև այն մասին, որ կոնկրետ այդ մարդու նկատմամբ մանուկ հասակում դաժանություն է կիրառվել: Կենդանիներին այդպիսի մարդիկ են տանջում: Այդ մարդը հոգեպես առողջ չի կարող համարվել և կարող է հասարակության համար շատ վտանգավոր լինել: Կենդանու նկատմամբ վերաբերմունքից պարզ երևում է՝ մարդն իրենից ինչ է ներկայացնում: Մեկը մյուսի հետ կապված է: Եթե նա իրենից փոքրին, անպաշտպանին այդպիսի վնաս է պատճառում, ուրեմն այդ մարդը նորմալ չէ: Դա ակնհայտ է»,- մանրամասնել է նա։ 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև՝ Գյումրի քաղաքապետարանի ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում