Ապօրինի ձկնորսության զոհ են դառնում նաև ջրլող թռչունները (ֆոտո)
«Սրա դեմն առնելու համար եմ տարիներ շարունակ ահազանգում ու բարձրաձայնում։ Բոլորը խոսքի մարդ են, բայց գործի՞, ցավոք դեռ մենակ եմ էս հատվածում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել և լուսանկարներ է հրապարակել օգտատեր Տիգրան Մաթևոսյանը:
Հրապարակմանն արձագանքել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ տարածելով հաղորդագրություն. «Այսօր, վաղ առավոտյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ֆեյսբուքյան օգտատեր՝ Տիգրան Մաթևոսյանի գրառման հետքերով այցելել են ՀՀ Արարատի մարզի Արմաշ գյուղ, որտեղ դրենաժային ջրերում հայտնաբերել են տիրազուրկ ձկնորսական ցանց։ Ցանցում առկա 3 մանրաձուկը և կրիայի 1 ձագը, վերադարձվել են բնական միջավայր։ Ձկնորսական ցանցն առգրավված է՝ հետագա ոչնչացման նպատակով։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները տարածքում իրականացրած շրջայցի ընթացքում այլ ձկնորսական ցանցեր չեն հայտնաբերել։
Բնապահպանական իրավախախտումների հայտնաբերմանն ուղղված հետևողական պայքարը շարունակվում է»։
Նշենք նաև, որ ձկնորսական ցանցում էր հայտնվել ջրահովվիկ տեսակի թռչունը և հավանաբար խեղդվել: