Որսորդական հրազենով կրակել է շանը, սակայն վնասել է 10-ամյա երեխայի

«Օգոստոսի 8-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ծնկան և սրունքթաթային հոդի շրջանի օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Կուրթան գյուղի 10-ամյա բնակչուհի:

Նույն օրը, ժամը 11.45-ին կամովին ոստիկանություն է ներկայացել նույն գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ժամը 10.00-ի սահմաններում իրենց տան բակում իր անչափահաս երեխայի վրա հարձակված թափառական շանը վնասազերծելու նպատակով իրեն ամրակցված «ՏՕԶ-63» մոդելի հրազենով մեկ անգամ կրակել է շան ուղղությամբ, որի ժամանակ կրակոցից արձակված կոտորակներից 2-ը դիպել է իրենց հարևանությամբ բնակվող, տան պատշգամբում կանգնած երեխայի ոտքին՝ պատճառելով նշված վնասվածքը: Հիշյալ հրազենը վերցվել է: Նշանակվել է ԴԲՓ և դատաձգաբանական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր»,- այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: 

Նշենք, որ բնակելի վայրում հրազենի կիրառմամբ թափառող կենդանիների վրա կրակելու խնդրի մասին բարձրաձայնվել է բազմաթիվ անգամներ։ 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով սահմանվում է․

Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով

Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա: 

Բացի այդ, գործում է նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը կարգավորող հոդվածը։  

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը բազմիցս հորդորել է որսորդական հրազեն կրելու և օգտագործելու թույլտվություն ունեցող քաղաքացիներին չխախտել օրենքը և չդիմել բնակելի վայրում հրազենի կիրառման եղանակին, քանի որ դա կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ։ Նշված դեպքերի առնչությամբ բազմաթիվ անգամներ դիմել ենք նաև ՀՀ ոստիկանությանն ու այլ իրավապահ մարմինների, սակայն բնակիչները դեռ շարունակում են ապօրինաբար, սեփական պատկերացումների շրջանակներում «լուծել» թափառող կենդանիների խնդիրը։ 

Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք սահմանող օրենքի անհրաժեշտության մասին բարձրաձայնել ենք բազմիցս: ՀՀ-ում նախատեսվում են նշված ոլորտը կանոնակարգող օրենսդրական փոփոխություններ․ ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորների նախաձեռնությամբ և կենդանասերների աջակցությամբ նախատեսվում է մշակել և ընդունել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքը։ 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում