«Որսորդ» որսագողը. ոստիկանությունը փաստեր է անտեսում

«Հուլիսի 18-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ստացվել են Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի 45-ամյա մի բնակչի կողմից ապօրինի որս կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը: Համացանցում հրապարակված հոդվածի համաձայն՝ ուսումնասիրվել են վանաձորցու սոցիալական էջի բաց տվյալները, որոնց արդյունքում արձանագրվել են ապօրինի որսի մասին վկայող տվյալներ:

Վանաձորցին Գուգարքի բաժնում բացատրություն է տվել, որ 2014 թվականի ամռանը, Նոյեմբերյան քաղաքի հարակից անտառում հանդիպել է անծանոթ երկու որսորդի, որոնց մոտ առկա սպանված այծյամի հետ ինքը և որդին լուսանկարվել են: Անծանոթ որսորդները նրան հայտնել են, որ այծյամին սպանել են իրենք՝ նույն անտառում:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 25-ին 45-ամյա վանաձորցին արդեն բացատրություն է տվել, որ 2015 թ. ամռանը Նոյեմբերյանի վարչական տարածքում գտնվող «Ձիարածի ուրթ» կոչվող հանդամասում իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանով այծյամին սպանել է ինքը, որից հետո լուսանկարվել է»,- հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը՝ անդրադառնալով EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հրապարակմանը:

Հիշեցնենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգել է Գևորգ Ավետյան և Արամ Ջուլհակյան անունով քաղաքացիների կողմից կատարված որսագողության դեպքերի մասին: 

Թեպետ, ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է միայն սպանված այծյամի մասին, մեր կողմից հրապարակված լուսանկարները վկայում են ապօրինի որսի մի քանի դեպքերի մասին, մասնավորապես ապանվել է նաև լուսան (Lynx), գորշուկ (Meles meles), նապաստակ և այլն: Եվս մեկ անգամ ընդգծենք, որ վերոնշյալ կենդանիների որսը ևս թույլատրված չէ, ուստի ևս հանդիսանում է ապօրինի որսի մասին վկայող ապացույց: Հորդորում ենք ՀՀ ոստիկանությանը քայլեր ձեռնարկել նաև նշված կենդանատեսակների որսի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Ուշագրավ է նաև, որ ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն՝ ապօրինի որսը կատարվել է օրինական ողորկափող որսորդական հրացանով, ինչը նշանակում է, որ նշված անձը հանդիսանում է որսորդական միության անդամ: 

Որսի ոլորտում ստեղծված իրավիճակին անդրադարձել ենք բազմիցս։ Ըստ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից կատարված ուսումնասիրության՝ ՀՀ որսի ոլորտի նկատմամբ ևս բացակայում է պատշաճ մակարդակի վերահսկողություն, իսկ որսորդական միասնական վկայական ստանալու կարգի ոչ լիարժեքության, «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով սահմանվող որսորդական մինիմում հանձնելու պրակտիկայի ի սպառ բացակայության, մի շարք այլ ընթացակարգային խնդիրների հետևանքով ոլորտում ստեղծվել է քաոսային իրավիճակ, ինչի պատասխանատուն առաջին հերթին պետական լիազոր մարմինն է, որը գրեթե 10 տարի շարունակ պատշաճ կերպով չի իրականացրել իր լիազորություններն ու պարտականությունները։ 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում