Սպանված լուսան, այծյամ, գորշուկ... ապօրինի որսի մասին ահազանգերը շարունակվում են (ֆոտո)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:

Այս անգամ ևս համացանցային բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրել ենք ապօրինի որսի մասին վկայող լուսանկարներ։ Գևորգ Ավետյան և Արամ Ջուլհակյան անունով օգտատերերի 2016թ․-ին բեռնված լուսանկարում սպանված այծյամ է (Capreolus capreolus)։ Կենդանատեսակը գրանցված չէ ՀՀ կենդանիների կարմիր գրքում, սակայն որսատեսակ չի հանդիսանում և այծյամի որսը թույլատրված չէ տարիներ շարունակ։ Ուսումնասիրելով նշված քաղաքացիների կողմից բեռնված լուսանկարները, հանդիպում ենք ապօրինի որսի մասին վկայող մի շարք լուսանկարների։

Այս տարվա ապրիլ ամսին Արամ Ջուլհակյան անունով քաղաքացին սոցիալական ազատ հարթակ է բեռնել լուսանկար հավանաբար սպանված կենդանու հետ։ Լուսանկարում գիշատիչ կատվազգի է՝ լուսան (Lynx), որի որսը ևս թույլատրված չէ, սակայն վերջինս ընդգրկված չէ ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ «Որսահանդակներում որսի կենդանիների 2018-2019 թվականների սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» հրամանի համաձայն՝ լուսանը ևս չի հանդիսանում թույլատրելի որսատեսակ։

Ընդգծենք, որ հավանաբար սպանված կենդանու հետ լուսանկարում նաև մանկահասակ երեխաներ են, ինչը ևս խոսում է քաղաքացու բարոյական նկարագրի մասին, իսկ էկո-կրթական և երեխայի բնության հետ ծանոթացման տեսանկյունից նման երևույթն անընդունելի է։

Նշված քաղաքացին ապօրինի որսի մասին վկայող այլ լուսանկարներ էլ է բեռնել։ Այս տարվա փետրվար ամսին Արամ Ջուլհակյանը լուսանկար է բեռնել նաև սպանված գորշուկի (Meles meles) հետ: Նշենք, որ լուսանկարներում նշված անձինք պարբերաբար երևում են որսորդական հրազենը ձեռքին և համապատասխան համազգեստով։ Գորշուկը կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է։ Սովորական գորշուկը տարածված է Եվրասիայում, Հայաստանում տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Բնակվում է գետնափոր բներում, որոնք փորում է քարակույտերում, ժայռերի, ձորերի լանջերի թեքություններում, բաց տարածություններում, անտառներում և այլ վայրերում։ Կենդանատեսակը ևս ընդգրկված չէ ԿԳ-ում, սակայն որսը թույլատրված չէ և չի հանդիսանում որսատեսակ։

2018թ․-ի փետրվար ամսին Արամ Ջուլհակյանը բեռնել է նաև սպանված նապաստակի հետ լուսանկար կրկին որսորդական հրազենով։ Նշենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ վերոնշյալ հրամանով չի թույլատրվում նաև նապաստակի որս։

Հայտնենք, որ նշված երկու քաղաքացիները հանդիսանում են Լոռվա մարզի բնակիչներ։ Արամ Ջուլհակյան անունով քաղաքացին բնակվում է Վանաձոր քաղաքում, իսկ Գևորգ Ավետյանը՝ Գուգարք գյուղում։

Գևորգ Ավետյանի լուսանկարներում ուշագրավ է նաև կրկին մանկահասակ երեխաների մասնակցությունը ցանցավանդակում պահվող այծյամի հետ։ Կենդանու գտնվելու վայրն ու պայմաններն անհայտ են։

Որսի ոլորտում ստեղծված իրավիճակին անդրադարձել ենք բազմիցս։ Ըստ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից կատարված ուսումնասիրության՝ ՀՀ որսի ոլորտի նկատմամբ ևս բացակայում է պատշաճ մակարդակի վերահսկողություն, իսկ որսորդական միասնական վկայական ստանալու կարգի ոչ լիարժեքության, «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով սահմանվող որսորդական մինիմում հանձնելու պրակտիկայի ի սպառ բացակայության, մի շարք այլ ընթացակարգային խնդիրների հետևանքով ոլորտում ստեղծվել է քաոսային իրավիճակ, ինչի պատասխանատուն առաջին հերթին պետական լիազոր մարմինն է, որը գրեթե 10 տարի շարունակ պատշաճ կերպով չի իրականացրել իր լիազորություններն ու պարտականությունները։

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում