«...Դանակով կամ երկաթե պարանով վիզը կտրել են...». կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը շարունակվում է (ֆոտո)
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:
Հայաստանում շարունակվում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող դեպքերը: «Փոուզիթիվ» նախաձեռնությունն ահազանգում է. «...նկարներում պարզ չի երևում, բայց կտրվածքը այնքան խորն է, որ բժիշկն անգամ զարմացել էր, թե ինչպես է կենդանին կարողանում կուլ տալ և ուտել սնունդը։ Ամենայն հավանականությամբ կամ դանակով կամ երկաթե պարանով վիզը կտրել են»:
Ընդգծենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:
92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:
Ըստ հոգեբան Իրինա Ծատուրյանի, կենդանիների նկատմամաբ դաժան վերաբերմունք դրսևորող անձը չի կարող համարվել հոգեպես առողջ: «Այդ մարդը հոգեպես առողջ չի կարող համարվել և կարող է հասարակության համար շատ վտանգավոր լինել: Կենդանու նկատմամբ վերաբերմունքից պարզ երևում է՝ մարդն իրենից ինչ է ներկայացնում: Մեկը մյուսի հետ կապված է: Եթե նա իրենից փոքրին, անպաշտպանին այդպիսի վնաս է պատճառում, ուրեմն այդ մարդը նորմալ չէ: Դա ակնհայտ է»,- ասաց նա:
Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք սահմանող օրենքի անհրաժեշտության մասին բարձրաձայնել ենք բազմիցս: Այս խնդրի մասին խոսում են թե՛ կենդանապաշտպանները, թե՛ համապատասխան մասնագետները, թե՛ ԶԼՄ-ները, սակայն որևէ քայլ այս ուղղությամբ չի արվում ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր մարմինների կողմից:
Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության ուշադրությունը: