Սարսափելի կադրեր՝ «առյուծների ֆերմա». ծնվում են սպանվելու համար (տեսանյութ)
«Մեծ կատուների» որսն այս պահին հանդիսանում է բազմամիլիոնանոց եկամուտներ ապահովող բիզնես: «Սիմբա» գործողության շրջանակներում հայտնի է դարձել, որ Հարավային Աֆրիկայում գոյություն ունի անազատության մեջ ապրող մոտ 12 000 առյուծ, որոնց սարսափելի ճակատագիր է սպասվում. կենդանիները պահվում են հիմնականում որպես մեծահարուստ «որսորդների» որսի օբյեկտներ: Այս թիվը 4 անգամ գերազանցում է բնության մեջ ապրող առյուծներին:
Բացահայտումներն արվել են գրեթե մեկ տարի տևած հետազոտությունից հետո: Գաղտնի հետաքննության արդյունքում պարզվել է նաև, որ հաղթանշային որսի մեծահարուստ սիրահարները թիրախավորել են կենդանիներին անգամ վանդակների ներսում: Որսի այս տեսակի (canned hunting) ինդուստրիան այնքան տհաճ է, որ անգամ այլ որսորդական կազմակերպություններն են ցանկանում հեռու մնալ դրանից:
Կրակողների շարքում շատ են բրիտանացիները, որոնք վճարում են մեծ գումարներայս հզոր կենդանիներին սպանելու համար: Այն կենդանիները, որոնք չեն սպանվում «որսորդների» կողմից, ուղղվում են սպանդանոց, որտեղ օգտագործվում են նրանց ոսկորները. հաճախ դրանք կիրառվում են այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսին է ռևմատիզմը: Բացի ոսկորները, մեծ պահանջարկ են վայելում նաև մարմնի մյուս մասերը, քանի որ ենթադրվում է, թե այդպիսով հիվանդին փոխանցվում է կենդանու ուժն ու քաջությունը:
Բնության գլոբալ ֆոնդը (Global Nature Fund) փաստում է, որ ոսկորների առևտրի զարգացման հետևանքով տարեկան սպանվում է ավելի քան 1000 առյուծ, հատկապես՝ Հարավային Աֆրիկայում: Հետաքննության հեղինակ Լորդ Էշքրաֆթն (Lord Ashcroft) այժմ ճնշում է գործադրում բրիտանական կառավարության վրա, որպեսզի արգելվեն հաղթանշային որսի օբյեկտների հետ իրականացվող գործարքները, որը Բրիտանիայում բավական եկամտաբեր բիզնես է:
Այս սկանդալային հետաքննության ընթացքում մի քանի հանգամանք է ի հայտ եկել. Հաճախորդներն էլեկտրոնային փոստով ստանում են արու առյուծների լուսանկարները, որպեսզի կարողանան ընտրություն կատարել, թե որին են նախընտրում սպանել: Հաճախորդները վճարում են մինչև 42 300 ֆունտ ստերլինգ (£) կախված կենդանու չափսից և բաշի որակից: Ընդամենը երկու օրվա ընթացքում ոսկորների համար ավելի քան 50 առյուծ է սպանվել այսպես կոչված՝ «էկո-ֆերմայում»: Մինչև սարսափելի մահը առյուծները պահվում են վատթարագույն պայմաններ ունեցող վանդակներում: Զբոսաշրջիկները, որոնք ցանկանում են «խաղալ» առյուծների ձագերի հետ ակամայից նպաստում են այս բիզնեսի զարգացմանը: Առավել սարսափելի պայմաններում ծնված ձագերը մի քանի օր անց խլվում են մայրերից, որպեսզի վարժեցվեն մարդկանց կողմից: Իսկ երբ ձագերը մեծանում են և վտանգավոր դառնում զբոսաշրջիկների համար, նրանք հայտնվում են վերոնշյալ հաղթանշային որսի համար նախատեսված վանդակներում:
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: