Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու հարցը կքննարկվի ԱԺ-ում
Օրերս կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունների նախագծերի մասին նախագիծը:
Նախագծով առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: Նախարարը նշեց, որ բովանդակային առումով համաձայն լինելով կարծում են, որ պետք է խնդիրը լուծել համապարփակ ձևով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ գաղափարի առումով ընդունելի նախագիծ է, բայց չափանիշները պետք է շատ հստակ լինեն, որ այնպիսի իրավիճակի առաջ չկանգնենք, որ, օրինակ, մարդն իր բակում ծննդյան օրվա առիթով գառ է մորթել, քրեական գործ հարուցվի:
Որոշում ընդունվեց Ազգային ժողովի հետ համատեղ քննարկել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու հարցը:
Նշենք, որ առկա են որոշ դիտարկումներ, ինչպիսիք են՝ նախագծում անհրաժեշտ է նախատեսել հանցակազմը ծանրացնող հանգամանքներ, որոնք պատասխանատվություն կնախատեսեն առավել բարձր հանրային վտանգավորության բնույթ և աստիճան ունեցող նմանատիպ արարքի համար և այս առումով առաջարկում են ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածի 2-րդ մասում, ի թիվս այլոց, նախատեսել հետևյալ ծանրացնող հանգամանքները.
-հանցանքը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առանձին դաժանությամբ,
-մանկահասակի ներկայությամբ,
-երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ և այլն:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում կառավարության նիստից հետո գրել է. «Ինձ համար, այո, կենդանուն դաժանաբար սպանածի, խոշտանգածի և պոտենցիալ մարդասպանի միջև շատ մեծ տարբերություն չկա:
Երեկ կառավարությունը քննարկեց իմ և իմ գործընկերների նեկայացրած նախագիծը` որով մենք առաջարկում ենք կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է կենդանու ոչնացմանը կամ խեղմանը, կենդանիներին խոշտանգելը` քրեականացնել և որպես պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի մինչև երեքհարյուրպատիկը, կալանք` մեկից երեք ամիս ժամկետով և կամ ` ազատազրկում` մինչև մեկ տարի ժամկետով:
Մինչև հիմա կենդանիների հանդեպ դաժան, անմարդկային վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումներ մասին» օրենքով նման անձիք ընդամենը ենթարկվել են ծիծաղելի տուգանքների:
Երեկ, սակայն, ինձ համար հասկանալի չէր նախագծի քննարկման ժամանակ կառավարության որոշ անդամների անհասկանալի պահվածքը և խիստ բարձր տրամադրությունը, երբ պատմում էին, օրինակ, կատվին վզից բռնելու և թափ տալու մասին պատմություններ:
Ես չեմ ասում կատվին վզից բռնող երեխային էլ դատենք, բայց ես կարող եմ ասել, որ մենք այնպես պետք է մեր երեխաներին դաստիարակենք, որ կատվի վզից չբռնեն ու թափ չտան:
Եվ, մեկ էլ մի դիտարկում` վարչապետը մտահոգություն հայտնեց, որ այս նախագծի ընդունման դեպքում եթե մեկը որոշել է գառ մորթել ու մատաղ անել` պիտի գնա նստի՞: Ո՛չ, իհարկե, ո՛չ:
Եվ այդ տարընթերցումները բացառելու համար մենք օրենքում ամրագրել ենք` «հատուկ խուլիգանական դրսևորումներով» կատարված կենդանու սպանություն, խեղում և խոշտանգում: Ես չեմ կարծում, որ մեր երկրում մատաղ անում և գառ են մորթում «հատուկ խուլիգանական դրսևորումներով»։
Ինչևէ, կառավարությունը դրական եզրակացություն է տվել մեր նախագծին, անելով որոշ առաջարկներ, որոնք որպես օրենքի հեղինակներ՝ մենք պատրաստ ենք քննարկել: Հույս ունեմ, որ հնարավորինս արագ խորհրդարանը կընդունի օրենքը և «հավեսի համար» կենդանի սպանողը, ծանակողն ու խոշտանգողը բերդում իր արարքի մասին մտածելու բավարար ժամանակ կունենա:
Շնորհակալ եմ DINGO Team / ԴԻՆԳՈ Թիմ -ին և Նարե Արամյանին` օրենքի նախապատրաստման գործում ինձ աջակցելու համար»: