Ահազանգ. Հրազդանի կիրճում ձկների զանգվածային անկում է արձանագրվել (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 19-ի առավոտյան EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգ ստացավ այն մասին, որ Երևանի սահմաններում գտնվող Հրազդան գետում նկատվել են ձկների անկման դեպքեր: Այս մասին հայտնել են տարածքում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները: Ականատեսների պնդմամբ, ձկների անկումը կրում է զանգվածային բնույթ և ընդգրկում է մեծ տարածություն. Դավթաշենի կամրջից սկսած մինչև Մանկական երկաթուղու հարակից տարածքներում նկատվում են անկած ձկներ: «Ամբողջ ափամերձ մասը սատկած ձկներ են մեծ քանակությամբ, տարբեր չափերի՝ մանր ու մեծ: Բացառվում է էլեկտրահարման տարբերակը, քանի որ նման մեծ տարածք ընդգրկելու համար պետք է հսկայական հզորության էլեկտրական կայան. տարածքը շատ մեծ է»,- մեզ հետ զրույցում հայտնեց ականատեսներից մեկը: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Տեսչական մարմնի աշխատանքները տեղում են, արվում են ուսումնասիրություններ ձկների անկման պատճառները հասկանալու համար»: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին նաև. «Այսօր ժամը 10:55-ին 911 ծառայությունից ստացել ենք ահազանգ, որ իրենց զանգահարել են մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ Դավիթաշենի կամրջի տակ, սատկած ձկներ կան: Մեկնել է մեր օպերատիվ խումբը, վերցրել են փորձանմուշներ, նշանակվել են փորձաքննություններ, դեպքով իրականացվում է հետաքննություն»: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում