Սյունիքում նոր պարսկական (կովկասյան) հովազ է նկարահանվել (ֆոտո)

«Նոր հաջողություն է գրանցվել մեր բնության հատուկ պահպանվող տարածքներից մեկում։ Այս անգամ նոր կովկասյան ընձառյուծ է նկարահանվել «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում»,- այս մասին տեղեկանում ենք «Կովկասյան ընձառյուծի տարի» ֆեյսբուքյան էջից: 

Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Սա մեծ ջանքերի, խիստ հսկողության, նվիրված աշխատանքի արդյունք է։ Այս հիանալի կենդանու առկայությունը մեր երկրում երաշխավորում է էկոհամակարգերի կայունությունը։ Լավագույն նորությունները դեռ առջևում են»:

Հիշեցնենք, որ վերջերս հայտարարվեց «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծի մասին, որով նախատեսվում է Հայաստանում որսագողության համար սահմանված տուգանքները խստացնել: 

Առաջավորասիական/կովկասյան/պարսկական հովազը (Panthera pardus ciscaucasica կամ Panthera pardus saxicolor կամ Panthera pardus transcaucasica) գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a (i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Արեալը ներառում է Հյուսիսային Կովկասը, Անդրկովկասը, Արևելյան Թուրքիան, Հարավային Թուրքմենստանը, Իրանը, Աֆղանստանը: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ Հայաստանում պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10-15 առանձնյակ է: Ներկայիս տարածման տարածքը կազմում է 7497,2 կմ2: Բնակեցման տարածքը կազմում է 2856,8 կմ2: Այն ներառում է մշտական և ժամանակավոր բնակեցման տարածքները և միջանցքներ: Մշտապես բնակվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում (207.9 կմ2) և գ. Նռնաձորից դեպի հյուսիս (296.9 կմ2) գտնվող տեղամասում գիշատիչը բնակվում է մշտապես: Պոպուլյացիայի նման կառուցվածքի պատճառով այն լիովին կախված է միջանցքների գործառնությունից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում