Այսօր թափառող կենդանիների համաշխարհային օրն է
Ապրիլի 4-ը թափառող կենդանիների համաշխարհային օրն է (World Stray Animals Day): Այսօր հիանալի առիթ է աշխարհում գոյություն ունեցող ավելի քան 600 մլն թափառող կենդանիներին ավելի լավ վերաբերմունք ցուցաբերելու համար: Կենդանիները հենց այնպես չեն դառնում կամ ծնվում թափառող: Շատ հաճախ թափառող կենդանիները մարդկային անպատասխանատվության զոհերն են. թափառող կենդանիները հիմնականում ինչ-ինչ պատճառներով տանից «վռդված» և լքված կենդանիներն ու դրանց ժառանգներն են:
Այսօր՝ թափառող կենդանիների համաշխարհային օրը, մարդիկ առավել գիտակից և պատասխանատու վերաբերմունք պետք է սկսեն ցուցաբերել իրենց խնամքի տակ գտնվող կենդանի էակների նկատմամբ: Հաճախ թափառող կենդանիներն ապրում են դժվար կյանքով, տանջվում են շոգից, սրտից, սովից, իսկ առավել հաճախ նրանք ուղղակի մահանում են: Գոնե այսօր յուրաքանչյուր մարդ կարող է հոգատար վերաբերմունք ցուցաբերել նման իրավիճակում հայտնված կենդանու նկատմամբ: Թափառող կենդանիների համաշխարհային օրը սահմանվել է, որպեսզի կենդանիների նկատմամաբ ցուցաբերվի հոգատարություն և իրականացվեն քայլեր իրավիճակը շտկելու ուղղությամբ:
Այսօր Հայաստանում թափառող կենդանիների խնդիրը ևս օրհասական է: Մարդիկ դեռ շարունակում են դաժան վերաբերմունք ցուցաբերել կենդանիների նկատմամբ, կրակել և վնաս պատճառել, իսկ պատասխանատու պետական մարմինները դեռևս չեն հասել խնդրի վերջնական կարգավորմանը: Նշենք, որ խնդիրն առավել ցավալի է մայրաքաղաք Երևանից դուրս, որտեղ համայնքային կառավարման մակարդակով գործում է կենդանիներին ոչնչացնելու սկզբունքը:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Երևան քաղաքում քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնությամբ մեկնարկեց թափառող կենդանիների զանգվածային ստերջացման ծրագիրը: Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանի և «Փրո Փոուզ» (ProPaws) բրիտանական բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության միջև ստորագրվեց համաձայնության հուշագիր: Միջոցառման ընթացքում քաղաքապետը հայտարարեց. «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան: Մենք այսուհետև չենք պայքարելու կենդանիների դեմ, մենք պայքարելու ենք հանուն մարդկանց ու կենդանիների նորմալ համակեցության, որպեսզի մեր քաղաքում իրենց հարմարավետ ու անվտանգ զգան և՛ մարդիկ, և՛ կենդանիները»: