Վանաձորի քաղաքապետը վստահեցնում է՝ շների վրա չեն կրակելու
Հանրապետության գրեթե ամբողջ տարածքից շարունակվում են ահազանգեր հնչել հասարակական վայրում հրազենի կիրառմամբ թափառող կենդանիների սպանդ իրականացնելու կամ նման մտադրության մասին: «Դինգո թիմ» ՀԿ-ն այս անգամ ահազանգում է Վանաձոր քաղաքում նախապատրաստվող «վնասազերծման աշխատանքների» մասին, որի մասին համայնքապետարանն անգամ հայտարարել է բաց տեքստով, իսկ ոստիկանության տեղի ծառայողները հաստատել են:
«Վանաձորի ոստիկանության հետ խոսեցինք ու նրանք բացահայտ հայտարարեցին, որ դա արվում է որսորդների, հրազենի միջոցով և իրենք տեղեկանում են հատուկ գրությամբ»,- ասված է «Դինգո թիմ» ՀԿ գրառման մեջ:
Հերթական անգամ կարող ենք փաստել, որ իրականացվող ապօրինի գործողությանն ակտիվ մասնակցություն են ունենում որսորդական միությունների անդամները և ոստիկանության ծառայողները:
Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածը սահմանում է.
Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով
Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ պարզելու համար, թե տեղյակ է արդյո՞ք քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
«Վա՜յ, դա հայտարարություն չէ, քույրիկ ջան, շահող կազմակերպությունն է անում, թաղամասեր են այցելում, որտեղից բողոք է լինում թափառող շների հետ կապված, գնում են առայժմ որսում են: Հիմա բանակցությունների մեջ ենք, տեսնենք՝ ո՞նց ենք ստերջացնելու: Չէ, չէ, չէ... վնասազերծելը կրակելը չէ: Բնակիչների մոտ եղել էին կատաղած շներ անցյալ տարվա վերջին, գնացել էին կրակել էին, բնակիչներն անհանգստացել էին կրակոցներից, բայց այս տարի չենք կրակում... խոսում ենք Երևանի հետ, որ հասկանանք, ոնց կարող ենք ստերջացնել: Մրցույթը շահած կազմակերպությունը, որսում է, տանում այլ վայրեր, որպեսզի դպրոցի, հիվանդանոցի ճանապարհին շների կուտակումներ չլինեն»,- ասաց քաղաքապետը:
Մեր ճշգրտող հարցադրմանն ի պատասխան Մամիկոն Ասլանյանը ևս մեկ անգամ վստահեցրեց. «Չէ-չէ, չենք կրակելու»:
Փաստացի, քաղաքապետը հերքում է կենդանիների վրա կրակելու մասին լուրերը, իսկ ոստիկանության ծառայողները՝ հաստատում: Հարց է առաջանում՝ ինչ է ավելի տարօրինակ. քաղաքապետի «հեքիաթները», թե՞ ոստիկանության ապօրինի գործողություններին նպաստելու «պատրաստակամությունը»: