Քենիան հայտարարել է որսագողության համար մահապատիժ սահմանելու հավանականության մասին
Քենիայի զբոսաշրջության և վայրի բնության նախարար Նաջիբ Բալալան օրերս հայտարարել է, որ մարդկանց, որոնք որսագողության միջոցով խլում են անմեղ կենդանիների կյանքը, աֆրիկյան այս պետությունում շուտով մահապատիժ է սպասվում: Չնայած այս դրույթը դեռ օրինական ուժ չի ստացել, բայց Բալալան այս մասին հայտարարել է չինական «Xinhua» լրատվական գործակալության հետ զրույցում:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա գարնանը Քենիայի արգելոցի աշխատակիցները ստիպված են եղել քնեցնել հյուսիսային սպիտակ Սուդան մականունով աշխարհում միակը մնացած 45-ամյա ռնգեղջյուրին: Սուդանը՝ հասնելով պատկառելի տարիքի, արդեն չէր հաղթահարում առաջացած առողջական խնդիրները: Սպիտակ ռնգեղջյուրի տեսակն ունի երկու ենթատեսակ: Ընդ որում, եթե հարավային սպիտակ ռնգեղջյուրը հաշշվում է 21 000 առանձնյակ, ապա հյուսիսային ենթատեսակը 2009թ.-ին ուներ ընդամենը 4 ներկայացուցիչ:
Բալալան մասնավորապես ասել է. «Մենք ունենք վայրի բնության պահպանությանն ուղղված օրենք (Wildlife Conservation Act), որն ընդուվել է 2013թ.-ին և այն սահմանում է ցմահ բանտարկություն կամ 200 000 ԱՄՆ դոլար տուգանք ապօրինի գործողության համար, սակայն այս պատիժը բավարար չէր որսագողության դեմ պայքարելու գործում, այստեղից էլ առավել խիստ պատիժ սահմանելու անհրաժեշտություն է առաջացել»:
Ամեն դեպքում, վերջին տարիներին Քենիայում նկատվում է որսագողության դեպքերի կրճատման միտում: «The Independent»-ը հայտնում է, որ նախորդ տարի Քենիայում սպանվել է 34 000 պոպուլյացիա ունեցող 69 փիղ և 1000 պոպուլյացիա ունեցող 9 ռնգեղջյուր: