Մեր պարտքն է թափառող կենդանիների խնդիրը լուծել ամենամարդասիրական եղանակով. Օվսաննա Հովսեփյան (տեսանյութ)
2019թ.-ին նախատեսվում է ստերջացնել թափառող էգ շների շուրջ 75 տոկոսը: Երևանում թափառող կենդանիների խնդիրներով այսուհետ կզբաղվի քաղաքապետարանի կողմից ստեղծվող ՀՈԱԿ-ը: Երևանի ավագանին այսօր կայացած նիստում միաձայն հավանություն է տվել որոշման նախագծին:
Երևանի ավագանու անդամ, «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանն իր ելույթում կարևորեց ՀՈԱԿ-ի ստեղծմանն ուղղված ախատանքների իրականացումը՝ ասելով. «Երբ խոսում ենք կենդանիներից, հաճախ լսում ենք այսպիսի դասական նախադասություն՝ «մարդկանց թողած, ընկել եք կենդանիների հետևից»: Այս առիթով ես ուզում եմ ասել, որ թափառող կենդանիների խնդրի լուծումը և՛ մարդկային հասարակության անվտանգության, և՛ հանրային առողջության և՛ բոլոր կողմերից առաջին հերթին մարդկանց համար է արվում, և միայն վերջին հերթին է արվում կենդանիների համար: Հաշվի առնելով այդ «վերջին հերթը», չմոռանանաք, որ այդ կենդանիներին մենք ինքներս ենք մտցրել մեր կյանք, մենք ինքներս ենք օգտվել նրանցից դարեր շարունակ և հիմա՝ մեր քաղաքակիրթ աշխարհում, նրանք մեզ կարծես այդքան էլ պետք չեն ապրելու համար, բայց մեր մարդկային պարտքն է, որպեսզի նրանց նկատմամբ գործողություններն իրականացնենք ամենամարդասիրական եղանակով»:
Ներկայացնելով Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվող ՀՈԱԿ-ի նպատակները՝ բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը նշել է, որ կազմակերպությունը, համագործակցելով ոլորտի մասնագետների և մասնագիտացած միջազգային ու տեղական ՀԿ-ների հետ, համատեղ կմշակի և կիրականացնի թափառող կենդանիների հիմնախնդիրների լուծման տարաբնույթ ծրագրեր: Մասնավորապես, աշխատանքներ կտարվեն թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման, ստերջացման, համարակալման և պահպանման նպատակով:
Օվսաննա Հովսեփյանը նաև նշեց. «Թափառող կենդանիների հարցն ինձ համար առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ ես ավելի քան 10 տարի է զբաղվում եմ թափառող կենդանիների փրկությամբ, որդեգրմամբ և մարդ-կենդանի փոխհարաբերություններով: Շատ տեղին է ասել՝ «տառապանքս փորձ ունի»: Մենք տարիներ շարունակ քաղաքապետարանի սխալ աշխատանքի մասին թե՛ բարձրաձայնել ենք, թե՛ գործնական քայլեր ենք ձեռնարկել, բայց քանի որ այդ աշխատանքը եղել է անարդյունավետ, հարցը միշտ մնացել է չլուծված և բյուջեից անիմաստ գումարներ են դուրս գրվել տարիներ շարունակ: Այո՛, հիմա մենք ունենք ոհմակների խնդիր: Թվում է, թե մենք ոհմակների խնդիր ունենք, քանի որ հուլիս ամսից քաղաքապետարանը ոչ մի քայլ չի ձեռնարկում, սակայն փորձված աչքի համար պարզ է, որ սա իրականում շատ ավելի խորը խնդիր է, այսինքն՝ տարիներով չարված ստերջացման հետևանք է, քանի որ, եթե տարիներ առաջ և տարիներ շարունակ արվեր ստերջացումը գուցե հուլիսից մինչև հիմա պարզապես զույգման, բազմացման ու ոհմակներ կազմելու համար կենդանիներ չլինեին, և հետևաբար խնդիր չէր լինի: Ես ցանկանում եմ կարևորել ու ողջունել ՀՈԱԿ-ի ստեղծման գաղափարը, քանի որ թափառող կենդանիների խնդիրը միանշանակ պետք է լուծվի համալիր եղանակով»:
Մանրամասները՝ տեսանյութում: