Տնային կենդանիներ պահելու տուրքի ծանուցումներ այլևս չեն ուղարկվում և չեն ուղարկվելու
Վերջին շրջանում կենդանասերների շրջանում դժգոհության առիթ է առաջացրել տնային կենդանիներ պահելու թույլտվության համար սահմանված տեղական տուրքը: Մի քանի քաղաքացիներ ստացել են ծանուցում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի դրույթների համաձայն Երևանի վարչական շրջանի տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար հնգօրյա ժամկետում վճարում կատարելու մասին:
Նշենք, որ 2016թ.-ին «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել է.
Հոդված 12. Տեղական տուրքերի դրույքաչափերը
...
13) քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հինգ հազար դրամ.
Այս փոփոխությամբ սահմանված 0-5000 դրամը դարձել է 5000 դրամ: Կենդանասերների դժգոհության պատճառ է հանդիսացել մասնավորապես այն, որ Երևան քաղաքում դեռևս գոյություն չունեն բավարար պայմաններ, նշված տուրքն արդարացված դարձնելու համար: Ըստ կենդանասերների՝ քաղաքում անգամ չկան այգիներ կենդանիների զբոսանքը կազմակերպելու համար:
Որոշակի ուսումնասիրությունից հետո պարզ դարձավ, որ ծանուցում ստացել է ընդամենը երկու քաղաքացի, ովքեր հանդիսանում են Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներ: Նշված վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը պարզաբանել է իրավիճակը՝ հայտնելով. «Տնային կենդանիներ պահելու համայնքային տուրքը գանձելու մասին ծանուցումները հարուցել են հանրության որոշ մասի աշխույժ քննարկումները, ինչի վերաբերյալ ցանկանում եմ տալ հետևյալ պարզաբանումը.
Տնային կենդանի պահելու տեղական տուրք սահմանելու պահանջն ամրագրված է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում, որի 12 հոդվածի 13 կետը տուրքի չափ է սահմանում 5000 ֏-ը։ Օրենքը գործող խմբագրմամբ ընդունվել է 2016 թվականին։
Մինչ օրս տուրքը փաստացի գանձվել է ոչ պարտադրաբար, սակայն, եթե քաղաքացին պատրաստակամություն է հայտնում վճարում կատարել, ապա մենք պարտավորված ենք նրան տալ հաշվեհամար օրենքով իր պարտավորությունները կատարելու համար։
Վերջին օրերին քաղաքացիներին ուղարկել ենք ընդամենը երկու ծանուցում տուրքը գանձելու մասին։
Մի դեպքում ոստիկանության՝ մեզ ուղղված գրութան հիման վրա կազմվել է արձանագրություն, քաղաքացին ընդունել է իր պարտավորությունը և հետագա վճարումներ կատարելու համար պահանջել գրավոր ծանուցագիր, երկրորդ դեպքում էլ՝ 30.10.2018 թվականից առկա է քաղաքացուց պարտավորագիր, որով նա ինքնակամ պարտավորվել է վճարել այդ տուրքը։
Թեև ամեն ինչ արվել է օրինականության սահմաններում, այս պահին այլևս ծանուցումներ չեն ուղարկվում և չեն ուղարկվելու, մինչև հարցը մանրամասն կարգավորում չստանա»: