Ապօրինի որս, դաժան վերաբերմունք, շնամարտեր... Իջևանի 40-ամյա բնակիչն «անպատժելի՞» է (տեսանյութ, ֆոտո)
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ինչպես նաև ապօրինի որսի մասին փաստող հերթական լուսանկարներն ու տեսանյութն է հայտնաբերվել համացանցում: Տավուշի մարզի Իջևան քաղաք 40-ամյա բնակիչ Սամվել Օհանյանը միանգամից 3 տեսակի հանցագործության մասին վկայող լուսանկարներ ու տեսանյութեր է բեռնել:
Վերջինս բեռնել է տեսանյութ, որտեղ ակնհայտ դաժան վերաբերմունք է դրսևորվում կենդանու նկատմամբ: Սամվել Օհանյանի կողմից տեսանյութը համացանց է բեռնվել 2017թ.-ի հոկտեմբեր ամսին: Մի խումբ մարդիկ հասարակական վայրում հրազենի կիրառմամբ կրակում են շան վրա: Տեսանյութի մասին համացանցում ահազանգել է «Love Animals Hate Hunters» նախաձեռնությունը (տեսանյութը՝ հղումով):
Լուսանկարը՝ Սամվել Օհանյանի էջից:
Նշենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:
92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:
Նշված տեսանյութում առկա են հանցագործության տարրեր պարունակող նաև այլ երևույթներ:
Ուսումնասիրելով Սամվել Օհանյանի կողմից հանրայնորեն հրապարակված մյուս տեսանյութերն ու լուսանկարները, ակնհայտ է դառնում, որ վերջինիս կողմից «խնամվող» կենդանիները ակտիվորեն մասնակցում են նաև շնամարտերի: Նշենք, որ սույն գործունեությունն արգելվում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով:
Սամվել Օհանյանի էջից բեռնված շնամարտերի մասնակցության մասին տեսանյութը՝ հղումով:
Լուսանկարը՝ Սամվել Օհանյանի էջից:
Բացի այդ, վերջինս նաև 2014թ.-ին հրապարակել է լուսանկարներ՝ գիշատիչ թռչունը ձեռքերում: «Դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ տնօրեն, կ.գ.թ. Կարեն Աղաբաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ լուսանկարում Մեծ ճուռակ է (Buteo buteo): «Թռչունը ներառված չէ ՀՀ կենդանիների կարմիր գրքում, բայց ունի շատ կարևոր գործառույթ գյուղատնտեսության ոլորտում. վերացնում է կրծողներին»,- ասաց նա:
Լուսանկարը՝ Սամվել Օհանյանի էջից:
Մեծ ճուռակը որսատեսակ չհանդիսացող թռչուն է և տվյալ կենդանու որսը թույլատրված չէ: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում «Քիչ վտանգված» (Least Concern) կարգավիճակով:
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: