Ընդհուպ մինչև 7 տարի ազատազրկում. կխստացվեն ապօրինի հատումների համար նախատեսվող պատժամիջոցները

Բնապահպանության նախարարությունը Քննչական կոմիտեի հետ համատեղ ներկայացրել է քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առավել խստացվել են՝ ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման, անտառների ոչնչացման կամ վնասման համար նախատեսվող պատժամիջոցները: 

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Սահմանադրական այս իրավունքը զերծ չէ տարաբնույթ ոտնձգություններից, սակայն պետությունն ունի պոզիտիվ պարտականություն՝ պաշտպանելու շրջակա միջավայրը և ապահովել անվտանգ շրջակա միջավայր մարդկանց համար:

Էկոլոգիական իրավունքի առավել կոպիտ և վտանգավոր խախտումները հանդիսանում են հանցագործություններ և պատժելի են անգամ ազատազրկման ձևով պատիժներով՝ հիմք ընդունելով էկոլոգիական իրավունքի խախտման առկա և նախատեսվելիք հետևանքները, դրա ազդեցությունը մարդկանց և ազգաբնակչության առողջության վրա:

Ելնելով մարդկանց, հասարակության, պետության համար պատշաճ բնական միջավայրի պահպանության անհրաժեշտությունից, և այն փաստից, որ շրջակա բնական միջավայրը չի ճանաչում պետական սահմաններ, պետությունները պարտավոր են պատշաճ ուշադրություն դարձնել բուսական աշխարհի պաշտպանությանը: Առկա գլոբալ բնապահպանական հարցերն (կլիմայի փոփոխություն, օզոնային շերտի քայքայում, կենսաբանական բազմազանության կրճատում) արդեն իսկ բացասական են ազդում մարդկանց առողջության և անվտանգության վրա, հետևաբար մարդու գործունեությամբ պայմանավորված բացասական ազդեցությունը նվազեցնելուն ուղղված արդյունավետ միջոցների կիրառումը խիստ արդիական է և անհրաժեշտ

Էկոլոգիական բացասական հետևանքների դեմ պայքարն իրականացվում է 4 ուղղություններով՝

1 . կանխարգելիչ գործողությունների իրականացում,

2 . բուսածածկի և էկոհամակարգերի պաշտպանություն,

3 . արդյունավետ պատժիչ քաղաքականության իրականացում,

4 . համագործակցություն:

Սույն Նախագծով առաջարկվող լուծումները հանգեցնում են արդյունավետ պատժիչ քաղաքականության իրականացմանը»:

Կախված հանցանքի ծանրությունից՝ նախագծով նախատեսվում է ընդհուպ մինչև 7 տարի ազատազրկում և 10 տարի որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքով։ Առանձնապես խիստ պատժամիջոցներ են նախատեսված կարմիրգրքյան բուսատեսակների ոչնչացման համար։ Նախագիծը ներկայումս քննարկվում է պետական շահագրգիռ մարմինների հետ և ներկայացվել է հանրային քննարկման ու դիտարկումների համար։ Նախագծին ամբողջությամբ ծանոթացեք հղումով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում