Կարեն Կարապետյանի «աշխատողը» բակում կրակել և սպանել է տան տիրոջ շանը (ֆոտո)
Հայաստանում շարունակում են դաժան և անպատասխանատու վերաբերմունք դրսևորել կենդանիների նկատմամբ: Օրերս դաժանությամբ աչքի ընկնող ևս մեկ դեպք է արձանագրվել: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգ ստացավ Արթուր անունով քաղաքացուց, ով պնդում է, որ իր շանը սպանել են:
Մեզ հետ զրույցում քաղաքացին հայտնեց, որ կասկածյալը նրա հարևանն է, ով ոչ կայուն հոգեկան վիճակում է: Վերջինիս պնդմամբ, կասկածյալը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատակիցներից է և անդադար շահագործում, սպառնում է այդ հանգամանքով: «Կարեն Կարապետյանի աշխատողներից մեկը, ով մտածում է, որ ինքն անպատժելի է, զենքերով մտնում է իմ տուն ու կրակում դռան դիմաց պառկած շանս վրա: Երկու վիրահատության ենթարկեցինք շանս, բայց չկարողացանք փրկել»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը մանրամասնեց. դեպքը տեղի է ունեցել գիշերը, երբ տանը մարդ չի եղել և շունն էլ քնած է եղել: Դրա մասին վկայում են նաև արյան հետքերը: Ավելի ուշ քաղաքացին պարզել է, որ շան վրա կրակելու դրդապատճառը եղել է երկու շների «կռիվը»:
«Ես երկու շուն ունեի, որից մեկը հղի էր: Պիտբուլին, որի վրա կրակել էին, վիրահատեցինք. փամփուշտը մի կողմից մտել, մյուսից՝ դուրս էր եկել: Շունս ամբողջ գիշեր տանջվեց, բայց չկարողացանք փրկել: Այդ օրվանից հղի շունս էլ չկա: Տանս դիմաց այնքան շատ էր արյունը, որ մտածում եմ երևի այդ շանս էլ է վերացրել: Շներին մենք փոքր տարիքից խնամել ենք, երեխայի պես սիրել, պահել ենք մեր տանը, անգամ չենք էլ կապել: Փաստացի, այդ մարդն ապօրինի մուտք է գործել իմ սեփական տարածք ու կրակել է շանս վրա: Բարեբախտաբար, այդ պահին մենք տանը չենք եղել»,- մանրամասնում է Արթուրը:
Նշենք, որ դեպքի առնչությամբ քաղաքացին դիմել է Ոստիկանություն և այժմ իրականացվում է քննություն:
Դեպքը տեղի է ունեցել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի առանձնատներից մեկում: Շանը նման վիճակում գտնելուց հետո, մյուս հարևանների հետ խոսակցությունների արդյունքում, քաղաքացին պարզում է՝ ով է հիմնական կասկածյալը: Վեջինս նաև խոսակցություն է ունեցել հավանական կրակողի և նրա հոր հետ:
«Լսել եմ նաև, որ նախկինում իր շանը ծեծելով սատկացրել է, հետո ուրիշ շուն է բերել ու էլի տանջամահ արել: Այդ օրն էլ իր չոբանի շանը ծեծում ու տնից դուրս է հանում, այդ պահին էլ իմ շունն է դրսում լինում: Դե շներ են, կռվում են երևի: Հաջորդ օրն իմանում է, որ իմ շան հետ է կռվել, մեքենայով գալիս են, զենքով մտնում տուն ու դռան դիմաց շնից վրեժխնդիր լինում»,- պատմում է նա:
Սպանված շան տերը հայտնում է, որ հարևանը չի հերքել մեղադրանքը: Ավեին՝ նա համոզված է, որ անպատժելի է: «Ես դիմել եմ ոստիկանություն և մինչև վերջ պահանջելու եմ, որ արդարադատությունը գործի: Արդեն քրեական գործ է հարուցվել: Անկախ ամեն ինչից, մինչև վերջ պնդելու եմ
Ասում էր՝ «լավ եմ արել, ի՞նչ կա որ: Բա կարողա մեր շան մազը պակասի մենք անպատասխան թողենք: Քո շունը փողոցում կռվել ա իմ շան հետ, մենք էլ որոշել ենք շանդ սպանենք»: Մտածում են, որ նախկին անպատժելիության մթնոլորտն է շարունակվում: Իրենք մտածում են, որ կարող են այդ գործը կոծկել: Հարևանների ներկայությամբ ասում էր. «Մլիցեքը ինձ ի՞նչ պտի անեն, կարողա՞ չգիտեն ես ով եմ, կրակել եմ, լավ եմ արել: Կարեն Կարապետյանը գործից դուրս ա եկել, հո՞ չի մեռել: Մեր դեմ խաղ չկա, մենք պռոբլեմ չունենք, մեր կռիշը Կարեն Կարապետյանն ա, մենք ինչ ուզենք կանենք»: Եվ այսպես շարունակ»,- պատմում է Արթուրը:
Ինչպես նշեց մեր զրուցակիցը, շունը, որի վրա կրակել էին՝ պիտբուլ տեսակի էր, իսկ հղի շունը՝ կուրցխար: Երկրորդին այդ դեպքից հետո ընդհանրապես չեն գտնում, ոչ էլ՝ դիակը:
«Շանս կյանքը չկարողացա փրկեմ, բայց վնասի փոխհատուցման գումարով նախատեսում եմ գոնե մի քանի շան օգտակար լինել ինչ-որ հարցով»,- եզրափակեց իր խոսքը նա:
Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: