Հերթական գիշատիչ թռչունը՝ անչափահասի «զոհ» (ֆոտո)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:
Այս անգամ համացանցում են հայտնվել լուսանկարներ, որոնց «գլխավոր հերոսն» անչափահաս է: Արգիշտ Գ. անունով օգտատերը 2017թ.-ին համացանց է բեռնել լուսանկարներ, որտեղ վերջինս լուսանկարվել է որսի համար չթույլատրված գիշատիչ թռչունը ձեռքին: Լուսանկարում մեծ ճուռակ է (Buteo buteo vulpinus):
Մեծ ճուռակը որսատեսակ չհանդիսացող թռչուն է և տվյալ կենդանու որսը թույլատրված չէ: Տեսակը ՀՀ-ում լայնորեն տարածված է: Այն ընդգրկված է ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում «Քիչ վտանգված» (Least Concern) կարգավիճակով:
2002թ.-ին ծնված երիտասարդի ձեռքերում թռչունը սատկած է, սակայն նկատելի չեն արյան հետքեր և այլ մանրամասներ: Վնասված են թևի փետուրներից մի քանիսը:
Քանի որ երիտասարդն անչափահաս է, լուսանկարները ներկայացնում ենք որոշակի սահամանափակումներով:
Ինչպես մեզ հետ զրույցում բազմաթիվ անգամ հայտնել են հոգեբանները, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորող անձը չի կարող համարվել հոգեպես առողջ:
Անչափահաս երիտասարդը կենդանիների նկատմամբ իր վերաբերմունքը հաստատել է նաև սոցիալական ցանցերում արված մի քանի հատարարությունների միջոցով: Դրանցից մեկում նա ցանկություն է հայտնել շան ձագին փոխարինել հեռախոսի հետ:
Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: