Կատաղության դեպք է հայտնաբերվել. «Դինգո թիմի» անդամը մանրամասներ է ներկայացնում
Օրերս Հայաստանում թափառող շան մոտ կատաղություն հիվանդություն է հայտնաբերվել: Շունը կծել է «Դինգո թիմի» անդամ Գոհար Մանուշակյանին, ով մեզ հետ զրույցում /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ ներկայացրեց տեղի ունեցած դեպքի մանրամասները: Վերջինս հայտնեց, որ շունը ոչ թե հարձակվել է նրա վրա, այլ թյուրիմացաբար, պատահական շարժման հետևանքով է կծել:
«Ահազանգ ենք ստացել Աբովյանի մայրուղու վրա շանը վրաերթի ենթարկելու մասին: Աչքի խնդիր ուներ, վիրահատվեց, բերեցինք մեզ մոտ: Դե վիրահատություն տարած նոր շուն էր, բնականաբար, առանձին կարանտինային տարածքում ենք պահել: Լրիվ նորմալ վիճակում էր գտնվում, ամեն ինչ լավ էր շան մոտ, բայց քանի որ աչքի վիրահատությունը մի փոքր թերի էր արված, որոշեցինք մեր կենդանաբույժի մոտ աչքը վիրահատել ու այդ ժամանակ վզի վրա ինչ-որ շատ յուրահատուկ վերք տեսանք. զգացվում էր, որ ինչ-որ կենդանու կծած է, բայց՝ ոչ շան: Հետքը շատ սպեցիֆիկ էր և նման չէր շան կծածի: Հետո, արդեն կարանտինային զոնայում, երբ կերակրում էի շներին, կարանտինային զոնայի հարևան տարածքի շան հետ գռմռում էին կերամանի պատճառով, ես էլ ոտքով ցանկանում էի տեղափոխել կերամանը, բայց շունը հենց այդ պահին մոտեցավ կերին: Ու այդպես, շատ չսպասված, միամիտ կծեց ոտքս: Շունը չի հարձակվել ինձ վրա, այդ ամենը պատահական է ստացվել, ամբողջությամբ ադեկվատ, մարդամոտ, շփվող շուն էր»,- մանրամասնեց նա:
Գոհար Մանուշակյան, «Դինգո թիմ»
Գոհար Մանուշակյանը պատմեց, որ դեպքից 10 օր անց է միայն սկսել կենդանու մոտ զգալ որոշակի վարքային փոփոխություններ: «Ջրին չէր մոտենում, բերանից փրփուր սկսեց գնալ և այլն: Բերեցինք մեր կենդանաբույժի մոտ, ով ասաց, որ իսկապես նման է կատաղության դեպքի: Որոշեցինք ռիսկի չդիմել և քնեցրեցինք, ուղեղն ուղարկեցինք լաբորատորիա, որպեսզի հասկանանք այդ խնդիրը կա, թե՞ չէ: Երկուշաբթի տարանք լաբորատորիա, երեքշաբթի եկավ պատասխանը ու ես ժամը 3-ից մինչև երեկոյան ժամը 7-ը հիվանդանոցներ էի փնտրում, որտեղ կարող եմ գնալ պատվաստվելու: Բոլոր հիվանդանոցներից ինձ ուղղակի ուղարկում էին աջից ձախ ամենատարբեր պատճառաբանություններով: ...Մենք չունենք պատվաստանյութ... մենք ունենք 35 000 արժե, բայց դուք մեր հիվանդը պետք է լինեք... զանգեք այս հիվանդանոց, այն հիվանդանոց... այստեղ չենք կարող ընդունել, այնտեղ չենք կարող... մինչև զանգել եմ պոլիկլինիկա, որտեղ համաձայնվեցին, բայց զգուշացրեցի, որ ալերգիկ եմ, այնտեղ էլ հրաժարվեցին պատվաստել, որովհետև չունեին վերակենդանացման բաժին: Բայց լավ է գոնե պոլիկլինիկայի վարակաբանը զանգահարեց նախարարություն, որ այսպիսի խնդիր կա: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց զանգահարել եմ, բժշկի հետ խոսում եմ, պատմում եմ նախապատմությունն ու ասում եմ, որ ունեմ թուղթ, որ շունն ունեցել է կատաղություն և ինձ կծելու արդեն 13-րդ օրն է, այսինքն, եթե ես 13 կամ 14-րդ օրը չեմ պատվաստվում, ուրեմն կարող եմ այլևս չպատվաստվեմ, որովհետև այդ պատվաստումն ինձ չի օգնելու, ինձ մոտ արդեն կսկսվի հիվանդություն ու մահ: Եվ այդ բժիշկն ինձ լուրջ պատասխանում է՝ բայց Դուք ի՞նչ գանգատներ ունեք, որ ուզում եք պատվաստվել»,- պատմում է նա:
Մեր զրուցակիցը մանրամասնում է, որ երբ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնին են դիմել, այս դեպքում միայն մի կերպ, մեծ դժվարությամբ կարողացել են տեղ գտնել, որտեղ նրան կպատվաստեն: «Մի խոսքով, ես հիվանդանոց եմ հասել արդեն ժամը 20:00 անց ու նոր այնտեղ ինձ պատվաստել են: Ամբողջ 4 ժամ ես տեղ էի փնտրում, որ պատվաստվեմ, այն դեպքում, որ պարզվում է, որ բոլոր հիվանդանոցները պարտավոր են ունենալ այդ պատվաստանյութը և բոլոր տեղերում անվճար պետք է լինի: Ասում էի՝ ես պատրաստ եմ տալ գումար, ո՞ւր գամ... չէ չէ չէ»,- շարունակում է նա:
Գոհար Մանուշակյան, «Դինգո թիմ»
Գոհար Մանուշակյանը բացառում է կացարանում հիվանդության փոխանցումն այլ շների: Ըստ նրա, այդ շունը կացարանում գտնվել է կարանտինային զոնայում և չի շփվել ուրիշ շների հետ: «Բացի այդ, շատ նորմալ վարք դրսևորող շուն էր և վստահ եմ, որ մինչև մեզ մոտ գալն էլ ոչ մի շան կծած չի լինի, իսկ այդ հիվանդությունը միայն կծելու միջոցով է փոխանցվում: Շունը ի սկզբանե բացարձակ ոչ ագրեսիվ վարք է դրսևորել: Քնեցնելուց հետո էլ շունը դիակիզման է ենթարկվել: Կարծում եմ, որ կամ աղվես է կենդանուն կծել, կամ առնետ: Թե շունը որտեղից է եկել, անհայտ է: Նրան հայտնաբերել են Աբովյանի մայրուղու վրա, բայց որտեղից է եկել, անհնար է ասել»,- ասաց նա:
Այս մասին մենք զրուցեցինք նաև «Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի հետ, ով նշեց, որ այս հիվանդությունը Հայաստանում էնդեմիկ է և դրա դեմ անհրաժեշտ պարտադիր միջոցառումներ են հարկավոր:
«Մեր հրավերով Հայաստանում տարբեր միջազգային կառույցների կողմից իրականացված գիտական ուսումնասիրությունները վկայում են, որ կատաղություն հիվանդությունը մեզ մոտ էնդեմիկ է, ինչը նշանակում է, որ Հայաստանում պետք է ներդրվի կենդանիների պարտադիր պատվաստման համակարգը, հատկապես, կատաղություն հիվանդության դեմ: Թափառող կենդանիների գլխաքանակի լուծման կարևորագույն տարբերակը, բնականաբար, զանգվածային ստերջացումն ու պատվաստումն է, որն ուղղակի անխուսափելի է: Մենք որքան հնարավոր է շուտ պետք է սկսենք այդ գործընթացները, քանի որ մինչ օրս իրականացվող վայրենավարի տարբերակներով խնդիրը ոչ միայն չի լուծվում, այլ միայն խորացնում է իրավիճակը»,- մանրամասնեց նա: