Զանգակն ու Բամբակը կվերադարձվեն վայրի բնություն

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է մամուլի ասուլիսի, որի ընթացքում լրագրողներին է ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աջակցությամբ իրականացվող անազատության մեջ ապօրինի պահվող արջերի փրկության լայնածավալ ծրագիրը: Ասուլիսին մասնակցել են FPWC հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) տնօրեն Ալան Նայթը։

Ծրագրի շրջանակներում առաջիկա օրերին նախատեսվում է վայրի բնություն վերադարձնել նախորդ տարի ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից ՀՀ Լոռու մարզում հայտնաբերված՝ առանց մայրական խնամքի երկու արջի քոթոթի։ Տեսչության ահազանգից հետո քոթոթները տեղափոխվել էին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան, որտեղ առանց մարդու հետ շփվելու, հատուկ խնամքի միջոցով նախապատրաստվել են վայրի բնություն վերադարձնելուն։

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել FPWC հիմնադրամին և IAR-ին արդյունավետ համագործակցության համար և նշել որ անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդիրը գտնվում է բնապահպանական գերատեսչության ուշադրության կենտրոնում և այն լուծելու համար հասարակական կազմակերպությունների ու մասնագետների հետ համատեղ մշակվել է օրենքի նախագիծ, որը շուտով ՀՀ կառավարությունը կներկայացնի Ազգային ժողով։

ՀՀ բնապահպանության փոխնախարարը հայտնել է, որ հետևողական են լինելու գույքագրված անազատ պայմաններում պահվող ևս 80 արջերի խնդրի լուծման հարցում և տեղեկացրել է, որ ծրագրի մեկնարկը մարդկանց մոտ փոխել է երևույթի ընկալումը, ինչի արդյունքում անազատ պայմաններում արջեր պահող ավելի շատ անհատներ ինքնակամ հիմնադրամին են փոխանցում համապատասխան չափանիշներին չհամապատասխանող պայմաններում պահվող կենդանիներին։

Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) տնօրեն Ալան Նայթը պատրաստակամություն է հայտնել ավելի ինտենսիվ աշխատել ՀՀ նոր ձևավորված իշխանությունների հետ վայրի կենդանիների պաշտպանության հարցերում։ Ուրախությամբ արձանագրելով, որ ծրագրի շրջանակներում արդեն 15 արջ գտնվում է ապաստարանում՝ բանախոսը նկատել է, որ նոր կենդանիներ ընդունելու համար անհրաժեշտ է ընդլայնել ապաստարանի տարածքը, ինչի համար Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը պատրաստ է ցուցաբերել աջակցություն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում