«Սևան» ազգային պարկի տնօրենի «անձնական» բիոզուգարանները. ինչ բացահայտումներ է արել Վերահսկիչ պալատը
![](https://econews.am/disk/28-04-18/510f970c93f05bfc4d55b069746031e7.jpg)
![](https://econews.am/disk/28-04-18/eb94fe8889c5b18fba2c682ac91d8205.jpg)
![](https://econews.am/disk/28-04-18/784c66b409e7971280e6e98feeee6059.jpg)
![](https://econews.am/disk/28-04-18/5e6e3ac53a2d766a5e79714c0eaa7fbf.jpg)
![](https://econews.am/disk/28-04-18/99fa6a8004ba55fe3e2941401a5ec4ac.jpg)
![](https://econews.am/disk/28-04-18/4eba241ce0aad14aa390ca1c202c2fe4.jpg)
Ինչպես տեղեկացրել ենք, վերջերս ՀՀ Վերաքննիչ պալատի կողմից հրապարակված ՀՀ ԲՆ «Սևանի ազգային պարկ» և «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր, ինչի հիման վրա էլ ՀՀ Դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
Վերահսկիչ պալատի հաշվետվության մանրամասները ներկայացնենք հատվածներով: Նշենք, որ «Սևան» ազգային պարկի տնօրենը Վահե Գուլանյանն է, ում անունը մի քանի մասով շրջանառվում է ՎՊ հրապարակած հաշվետվությունում:
Մրցույթների վերաբերյալ
Ինչպես նշված է հաշվետվության մեջ. «2016 և 2017թթ. իրականացվել է 43.700 հազ. դրամի գիտական և անտառտնկման աշխատանքներ, որից 16.700 հազ. դրամը՝ «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ», 9.000 հազ. դրամը՝ «Բիոպրոեկտ», 15.000 հազ. դրամը՝ «Նաիրի-Նունե» ՍՊ Ընկերություների և 3.000 հազ. դրամը՝ «Կարեն Աղաբաբյան Էրնեստի» ԱՁ կողմից: Բոլոր դեպքերում մրցույթներն իրականացվել են պարզեցված ընթացակարգով, մասնակցել են միայն վերը նշված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերը, բոլոր մրցույթներին մասնակցել է մեկական կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն էլ հանդիսացել է մրցույթի հաղթող»:
Ստուգումների արդյունքում բացահատվել է, որ Ազգային պարկին ծառայություն մատուցող մի շարք ընկերություններ այս կամ այն կերպ կապված են տնօրեն Վահե Գուլանյանի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ: Այս պարագայում պարզ է, որ գործարքներն իրականացվել են շահերի ակնհայտ բախման առկայությամբ:
Հայտնաբերված բազմաթիվ չարաշահումների հետ մեկտեղ պարզվել է նաև, որ տնօրեն Վահե Գուլանյանը հետաքրքրված է «բիոզուգարանների» բիզնեսով:
Բիոզուգարանների վերաբերյալ
«Ազգային պարկի հաշվապահական հաշվեկշռի համաձայն, որպես հիմնական միջոց հաշվառված են 18 կառուցված և 12 բիոզուգարաններ: Զուգարանների փաստացի առկայության ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ 18 հատ կառուցված զուգարանները գտնվում են թիվ 1, 2 և 3 հանրային լողափերում, իսկ 12 հատ բիոզուգարաններն Ազգային պարկի պահեստում, սակայն պահեստում առկա էին ոչ ամբողջական զուգարաններ, այլ միայն զուգարանակոնքեր՝ առանց հիմնակմախքի: Հատկանշական է, որ Ազգային պարկի գլխամասի տարածքում առկա էին 12 հատ ամբողջական բիոզուգարաններ, որոնք ըստ Ազգային պարկի կողմից ներկայացված տեղեկության հանդիսանում են Ազգային պարկի տնօրենի անձնական գույքը: Հատկանշական է այն հանգամանքը, որ Ազգային պարկի տնօրենին անմիջականորեն փոխկապակցված անձին պատկանող ընկերությունն իրականացնում է նաև բիոզուգրանների վարձակալությամբ տրամադրման գործունեություն»,- ասված է ՎՊ հաշվետվության մեջ:
Թեև հաշվետվության մեջ նշված չէ բիոզուգարանների արժեքը, սակայն հասարակությունը չի մոռացել տարիներ առաջ Հայաստանում զբոսազրշության զարգացման համար պետական բյուջեի հաշվին գնված 170 հազ. դոլար արժողությամբ բիոզուգարանների մասին:
Հայտնաբերված չարաշահումների մանրամասները, ինչպես նաև գործին առընչվող այլ տեղեկություններ կներկայացնենք առաջիկայում:
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/07-11-22/bad84e7ba842c1a8651a51e527e27c34.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/04-10-22/4a3536fc02a856929a0afb44821c5e8b.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/24-08-22/3639bc5f877a3013b950bd8ef05ca4bc.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/30-08-22/3da49850f02c4bb6bb2fc68ef52eb0fe.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-07-22/53e1f85bad57842f5edde3e90f4e2be3.jpg&w=300&h=200)