«Գալիս է մի պահ, որ քոթոթին պետք է ցավեցնեն, խփեն». Գյումրիում պահվող քոթոթը շարունակում է տանջվել (ֆոտո)

Ինչպես հայտնել ենք, Գյումրիում տնային պայմաններում արջի քոթոթ են պահում, որին նաև տանում են «զբոսնելու» քաղաքի փողոցներով: Զբոսանքի ընթացքում արջի քոթոթը հասցնում է շփվել մեծաքանակ անցորդների հետ, ովքեր հիացած «շոյում», իսկ իրականում ուղղակի տանջում են կենդանուն: Այս մասին վկայում են ինչպես օրեր առաջ համացանց բեռնված լուսանկարները, այնպես էլ բոլորովին վերջերս կենդանասերների ձեռքերում հայտնված լուսանկարը, որտեղ արջի քոթոթը երիտասարդի ձեռքերում է՝ «խաղալիքի» կարգավիճակում: 

Մեզ հաջողվեց պարզել, որ արջի հետ լուսանկարվող, և այն իր սոցիալական էջում հպարտորեն ցուցադրող երիտասարդը 20-ամյա Սերգեյ Զաքյանն է: Վերջինս օրեր անց հեռացրել է արջի հետ իր լուսանկարը: Ընդգծենք, որ 1998թ.-ին ծնված Սերգեյ Զաքյանը բնակվում է Գյումրի քաղաքում, հետևաբար անժխտելի է, որ խոսքը գնում է նույն արջի քոթոթի մասին: Ի դեպ, երիտասարդի կողմից քոթոթին որպես զվարճանքի միջոց և «խաղալիք» ընկալելն ապացուցվում է նաև նրանով, որ երբ կենդանասերները փորձել են պարզել, թե որտեղից է հայտնվել կենդանին, Սերգեյն ասել է՝ «խաղալիք է»:

Արդեն նշել ենք, որ վայրի կենդանին և՛ այժմ, և՛ մոտ ապագայում կարող է վտանգ ներկայացնել հասարակության համար: Պնդենք, որ վայրի կենդանու համար մարդկանց հետ շփումը կրկնակի «տհաճ» և վնասակար է, ինչի մասին խոսեցինք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանի հետ:

«Խնդիրները շատ են: Այս դեպքում ո՛չ կերակրման պրոցեսն է ճիշտ գնում, դա հաստատ, որովհետև ով ինչ հասնում՝ տալիս է. «քաղցր-մաղցր» բաները կենդանու համար իրականում շատ վատ է: Այս ընթացքում տեղափոխված արջերից ամենաշեղվածն այն արջն է, որի հետ մարդիկ շատ են «խաղացել»: Խոսքը գնում է Վերին Արտաշատում պահված Բալու արջի մասին: Որովհետև, ով ինչպես հասել է՝ կերակրել է, ինչ ասես արել են: Ճիշտ է, մարդու համար դա խաղալ է, բայց կենդանու համար սթրես է, ինչքան էլ նա սովորում է: Հետո, գալիս է մի պահ, որ քոթոթին պետք է ցավեցնեն, խփեն, որպեսզի նա ենթարկվի. կենդանու համար այդ ամենը սթրես է»,- մանրամասնեց նա: 

Վերին Արտաշատում պահված արջ, Բալու

Մեր հարցադրմանը, թե արդյո՞ք ներկայումս արջին հնարավոր է վերադարձնել բնություն, Մանուկ Մանուկյանը մեծ հույսեր չտվեց: «Արդեն՝ չեմ կարծում: Պետք է նաև հասկանալ, թե կենդանին որտեղի՞ց է եկել: Եթե բնությունից է եկել և հիմա վերցնենք նրան, ապա հնարավոր է վերադարձնել: Հնարավոր է կենդանուն հետ տանել դեպի այն, որ մարդուց սկսի հեռու մնալ: Բայց դա էլ 100 տոկոսանոց չէ, դա ընթացքը ցույց կտա, նրա պահելաձևը: Ոչ մի վայրի կենդանու համար էլ լավ չէ մարդու հետ շփումը: Ոչ մի տարբերակով հնարավոր չէ ապացուցել, որ լավ է, ճիշտ է»,- եզրափակեց նա: 

Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ժամանակ է տվել արջի «սեփականատերերին», որպեսզի ներկայացվեն կենդանու սեփականության մասին վկայող փաստաթղթերը: Ավելի վաղ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը մեզ հետ զրույցում ասել էր. «Երբ լուսանկարը հրապարակվեց և մեզ ահազանգ հասավ՝ ո՛չ անուն, ազգանուն կար, ո՛չ հասցե: Շիրակի մարզի մեր տեսուչները պարզել են, թե որտեղ է կենդանին պահվում: Այս պահին կատարվում է փաստաթղթային ուսումնասիրություն: Իրենք խնդրել են, որպեսզի քոթոթը մնա իրենց մոտ մինչև տերը, ով այս պահին Հայաստանում չէ, ներկայացնի փաստաթղթերը: Այսինքն, ժամանակ են խնդրել, մինչև ներկայացնեն փաստաթղթերը»:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում